Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շրջայցով եղել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում, ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ ծանոթացել է կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին՝ տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև e-probation էլեկտրոնային համակարգի ներդրման և Քրեակատարողական համակարգի տեղեկատվական շտեմարանին Պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային հասանելիության ապահովմանն առնչվող հարցերին, որոնք էականորեն կբարելավեն ծառայության աշխատանքների արագությունը և արդյունավետությունը:

Հանդիպմանը պրն Զեյնալյանը կարևորել է աշխատակիցների կողմից Պրոբացիայի պետական ծառայության շահառուների մոտ հանրային իշխանության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը, ընդգծել, որ այս արժեհամակրգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլ ամենահեռավոր մարզերում նույնպես: