Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժին» եւ պարտվել է 5:0 հաշվով:

Առաջին խաղակեսում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը երկու գոլ է բաց թողել: 20-րդ րոպեին «Ալաշկերտի» դարպասին նշանակած 11 մետրանոցն արդյունավետ է իրացրել դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Խուան Կուլիոն: Ավելացված առաջին րոպեին պորտուգալացի Անտոնիո Կոնսեյսաուի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկել է ֆրանսիացի հարձակվող Բիյել Օմրանին:

Երկրորդ խաղակեսում ևս երեք գոլ է արձանագրվել հայկական թիմի դարպասին: Դուբլի հեղինակ է դարձել Օմրանին: Աչքի են ընկել նաեւ ռումինացի կիսապաշտպաններ Օվիդիու Հոբանը եւ Սեբաստիան Մայլատը:

Հիշեցնենք, որ երեւանյան հանդիպումում «Ալաշկերտը» պարտվել էր 0:2 հաշվով:

«Կլուժի» հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» ու Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» դիմակայության հաղթողը:

Ի տարբերություն «Ալաշկերտի» խայտառակ պարտության, Եվրոլիգայում հանդես եկող հայկական մյուս ակումբը՝ Երեւանի «Փյունիկը», մոտ էր հաջորդ փուլ դուրս գալուն: Թել Ավիվի «Մաքաբիի» հետ դիմակայության պատասխան խաղում ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմին չի հաջողվել պահպանել խաղի սկզբում ունեցած առավելությունը և պարտվել է 1:2 հաշվով: Խաղի 10-րդ րոպեին «Փյունիկի» ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Վոյնովը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավել է տանտերերի դարպասը: Սակայն ընդմիջումից հետո իսրայելական թիմի խաղացողներին հաջողվել է նախ վերականգնել հաշվի տարբերությունը և ապա առաջ անցնել՝ 2-1:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0: Որակավորման վերջին փուլում «Մաքաբին» կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Սոնա ԳԻՇՅԱՆ