Մոտավորապես 350 հազար աշակերտ գալիք ուսումնական տարվա ընթացքում կկարողանա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան կամ պատկերասրահ, դասական երաժշտության համերգասրահ և թատրոն։ Այս մասին Սերգեյ Փարաջանովի թանգարանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեցին ԿԳ և մշակույթի նախարարները։ Մշակութային կյանքն ակտիվացնելուն, մշակույթի հետ երեխաներին հաղորդակից դարձնելուն միտված այս ծրագիրը՝ հիմնված աբոնեմետնային համակարգի վրա, երկու նախարարությունների ջանքերով հոկտեմբերից արդեն կգործարկվի։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցնում է՝ այս ծրագրի մասին խոսում էին, երբ դեռ ընդդիմություն էին, իսկ Լիլիթ Մակունցը՝ նկատում. «Հանրապետությունով մեկ աբոնեմենտային համակարգի վերագործարկումը շատ կարևոր է, (թեկուզ 30 տարի անց), քանի որ ԿԳ և Մշակույթի նախարարությունների քաղաքականության մեջ կարևորվում է երկու ոլորտների զուգակցումը»։ Մշակույթի նախարարը ծրագրին անմիջապես չառնչվող, բայց դրա արդյունք հանդիսացող մեկ այլ գովելի երևույթ է նախանշում. «Քանի որ երեխաները և ուսուցիչներն են որոշելու՝ որ թատրոնը, համերգասրահը կամ թանգարանը գնալ, ինքնստինքյան կառաջանա մրցակցություն մշակութային հաստատությունների միջև»։

Աբոնեմենտները, որոնք լինելու ենք աշակերտի անձնական տվյալներով, պատրաստ կլինեն նոր ուսումնականի մեկնարկից կարճ ժամանակ անց. յուրաքանչյուր աշակերտի կտրվի մեկ աբոնեմենտ՝ 3 կտրոնից բաղկացած։ Բոլոր երեք հաստատություններում էլ, որտեղ կայցելի աշակերտը, կտրոնը կպատռվի և կներկայացվի համապատասխան գերատեսչություն, ինչի հիման վրա էլ կիրականացվի ֆինանսավորումը: Այս ծրագրի համար նախարարությունները նախատեսել են 400 մլն դրամ:

Թե Լիլիթ Մակունցը, թե Արայիկ Հարությունյանը չեն թաքցնում՝ շատ ոգևորված են և լիահույս, որ ծրագիրը հաջող կընթանա, սակայն հնարավոր բարդությունները հասկանալու և բացթողումները վերացնելու համար առայժմ պիլոտային ձևաչափով կանկացնեն։ Շարունակականության հարցը, ամեն դեպքում, քննարկման առարկա չի դառնա։

Երիտասարդ նախարարները, սակայն, միայն այս լուրը հայտնելու համար չէին եկել Փարաջանովի թանգարան։ ԿԳ և Մշակույթի նախարարությունները երկու համատեղ ծրագիր են մշակել. երկրորդ՝ «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկն այսօր ևեթ տրվեց։ Ծրագրի շրջանակում դասական երաժշտության, կերպարվեստի եւ գրականության ոլորտի ներկայացուցիչները կարող են ներկայացնել իրենց ծրագրերը, որոնք ցանկալի է, որ լինեն ինտերակտիվ և նորարար։ Վերջում ընտրված 50 ծրագրերի հեղինակները հանրապետության շուրջ երեսուն դպրոցներում, որոնք կընտրվեն վիճակահանությամբ, իրենց գործերը ներկայացնելու հնարավորություն կստանան։ Բացի այդ, ընտրված 50 գործիչներից յուրաքանչյուրին կհատկացվի մեկ միլիոն դրամ՝ ծրագիրն իրականացնելու համար։

«Շատ հաճախ են արվեստագետներն ասում, որ չեն կարողանում ներգրավել երիտասարդներին եւ նրանց ներկայացնել իրենց ծրագրերը, հիմա մենք հնարավորություն ենք ստեղծում, որ օրինակ՝ գրողն գնա եւ իր աշխատանքները ներկայացնի դպրոցներում», -ասում է Արայիկ Հարությունյանը ու վստահեցնում՝ սա փոխշահավետ համագործակցություն կլինի արվեստագետի եւ դպրոցի միջեւ:

Ի դեպ, իրենց ծրագրերն իրականացնելու հարցում արվեստագետները ժամանակային սահմանափակում չեն ունենա՝ կուզեն մեկ ամսվա մեկ կիրակացնեն ծրագիրը, կուզեն՝ ինն ամսվա։ Մշակույթի նախարարը համոզված է՝ այս ծրագիրը ոչ միայն կօգնի ճաշակ ձևավորել երեխաների մոտ, այլև կմոտիվացնի արվեստագետներին, իսկ արդյունքում խիստ կարևոր ու ավելի գլոբալ խնդիր կլուծվի՝ մշակույթում մթնոլորտ կփոխվի և նրա զարգացումն ապակենտրոնացման ուղով կընթանա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ