Ողջ պաշտոնավարման ընթացքում պալատական լրագրողներով իր իմաստնափայլ մտքերը հանուրի առջև անմնացորդ շաղ տված  Ռոբերտ Քոչարյանը՝ Հայոց թիվ մեկ տղամարդը, ընդամենը մեկ անգամ փորձեց նոմենկլատուրային լրատվամիջոցների ցանկում չեղածների միջոցով այդ նույն հանրության հետ շփվել ու տանջալիորեն վրիպեց, թեպետ նրան հանդուրժելու թերևս ավելի քան պարարտ հող կար՝ վերջապես նստած տեղից էր ելել, իսկ նստած-ելած նախագահը Հայաստանում էկզոտիկ երևույթ է:

Հանրությունը կամ նրա ագրեսիվ տրամադրված մասը չթողե՞ց Ռոբերտ Քոչարյանին շփվել բերդային իր կյանքի տպավորություններով ու խոսել Հայաստանում ծայր առած կամայականության մթնոլորտից (այ-այ-այ-ա՜յ), հոգ չէ՝ կա հարազատ հեռուստաընկերությունը՝ «Երկիր մեդիան»՝  երկրորդ նախագահի առաջ ունեցած հստակ պարտավորություններով:

Եվ ուրեմն ի՞նչ:
Ոչինչ:

Պահանջվում է ընդամենը նստել դաշնակցական կորովի հեռուստաընկերության ցուցանելիքի առաջ ու ականջալուր լինել հայոց թիվ մեկ բողոքավորին: Հնարավոր է, որ ի թիվս այլ հարցերի, այնտեղ խոսք լինի անազատության մեջ նրա նախաձեռնած ու ավաղ կիսատ մնացած գրքագրումից,  որն ակնհայտորեն սպառնում է հայ իրականության մեջ դառնալ  բեստսելեր՝ հատկապես որ հեղինակն է մեկը, ով  իր իսկ խոստովանությամբ երբևէ գիրք չի կարդացել:

                                                                                                                        Henq.am