Նիկոլ Փաշինյան  -Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես պատրա՞ստ է ընտրություններին…
Նախարար  -Տեխնիկապես պատրաստ է, հագեցված է ամեն ինչով…
Նիկոլ Փաշինյան  -Իսկ բարոյահոգեբանական առումո՞վ (լիաբուխ ծիծաղ՝ Գ.Ս.)…
Նախարար  -(Լայն ժպտալով՝ Գ.Ս.) Կարծում եմ՝ այո՛…
Նիկոլ Փաշինյան -(Ամփոփելով լիաբուխ ծիծաղը՝ Գ.Ս.) Շա՛տ լավ…

Հատված ՀՀ կառավարության նիստից

 

Մի խոսքով՝ «վայ»-ը եկել է ու տարել նրան, ով թաղի տղերքին էլի կղրկի ընտրակաշառք բաժանելու: Կաշառք վերցնողի մասին դարձյալ խոսք չկար: Իսկ ըստ իս՝ նախ պետք է վերցնողին «վերցնել», ապա նոր՝ տվողի՛ն «տանել»:
Թեպետ, մյուս կողմից, Երևանի քաղաքապետի լիազորություններն, ըստ կառավարության որոշման, այսուհետ այն չեն: Բայց թե այսուհետ ինչքանո՛վ այն չեն, այդ էլ չիմացանք:

Պետք է մի որոշում էլ կայացնել, ըստ որի՝ ով ընտրակաշառք վերցնելիս բռնվեց, նա պետության բյուջե է վճարում իր վերցրած ընտրակաշառքի հարյուրապատիկը: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա դրանց շուրջ գրեթե բանավեճ չկա: Կամ քաղաքի աղբից զզված մարդի՛կ են «քաղաքապետ» բառից ալերգիա ստացել, կամ քաղաքապետի թեկնածուները չեն ուզում ընտրվել՝ զոռով են բերել:

2800 տարի սրանից առաջ Մենուայի որդի Արգիշտին այս քաղաքը հիմնեց, այսօր Նիկոլաս Թավիլի «դուստր» «Սանիթեքն» ուզում է աղբի տակ այն անհետացնել: Երկար ժամանակ կուտակված աղբը «ինքնահաստատվել», չի ուզում Հռոմից հին քաղաքը լքել: Դե ինչ, վարչապետի ասածը նորից հիշելով, ասենք, որ «տեխնիկական և բարոյահոգեբանական պատրաստականության» առումով աղբն, ի տարբերություն թեկնածուների, առույգ ու կայտառ, ԿԸՀ-ի պես լրիվ պատրաստ է ընտրություններին:

Իսկ քաղաքապետի թեկնածուներից ամենաշատ «իր օգտին քվեարկող զանգված»  առայժմ ունի «Սանիթեքի» տեր Թավիլը՝ բոլորիս հայտնի «զիբիլի մարդը»: Ո՜նց թե ի՛նչ զանգված. իր պահած-փայփայած աղբը քաղաքի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ