«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կարճել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Արմեն Հախնազարյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Քաղաքացին վերջերս բողոքել էր «Վեոլիա ջուր»  ընկերության մատակարարած ջրի որակից: Բողոքի հիման վրա տեսչությունը, գործող կարգի համաձայն, անձի բնակարանում իրականացրել էր զննում, իսկ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետների կողմից կատարվել էր խմելու ջրի նմուշի սանիտարամանրեաբանական, զգայորոշման, ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման ցուցանիշների քիմիական հետազոտություններ: Դրանց հիման վրա կազմված փորձագիտական եզրակացության համաձայն՝ վերցված խմելու ջրի նմուշը սանիտարամանրեաբանական ու սանիտարաքիմիական ցուցանիշներով (ջրածնային ցուցանիշ , ընդհանուր հանքայնացում, ընդհանուր կոշտություն, երկաթ, նիտրատներ, սուլֆատներ, քլորիդներ, զգայորոշման ցուցանիշներ) համապատասխանել է Հայաստանում գործող սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին: ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը լսել է վարչական վարույթի վերաբերյալ գործը, որին մասնակցած դիմումատուն՝ Արմեն Հախնազարյանը հայտարարել է, որ բնակարանի խմելու ջրի վերաբերյալ դժգոհություններ չունի: Արդյունքում հարուցված վարչական վարույթը կարճվել է՝ վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով: