Հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է վերջին 100 օրերի ընթացքում երկրում տեղի ունեցող իրավիճակից և բացասսական գնահատական տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը. «Այս 100 օրը ես երկակի եմ գնահատում: Այս ընթացքում մենք ազատվեցինք Սերժ Սարգսյանի իշխանությունից, լայն թափ ստացավ կոռուպցիայի դեմ պայքարը, բայց ես բացասական եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

Ըստ Հովհաննիսյանի, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում կարողացել է ոչնչացնել ՀՀ բոլոր ուժային կենտրոնները. «Նա ոչնչացրեց եկեղեցին, երկրապահը, պետական կառույցներ, Արցախի հեղինակությունը: Դրա հետ միասին նա ազգը բաժանեց երկու մասի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: Սա քաղաքական փսիխոպատիայի բարձրագույն արտահայտությունն էր: Քաղաքական գործիչը, կորցնելով իր հենարանները, արդյունք չտեսնելով իր գործունեության մեջ, ազգին պահում է այսպիսի հոգեվիճակի մեջ, երբ անհրաժեշտ է դրոշակակիր, անհրաժեշտ է պայքար»:

Հովհաննիսյանի գտնում է, որ պատմության մեջ մարդկանց այսպիսի հոգեվիճակի մեջ առաջին անգամ պահել են Տրոցկին և Լենինը, երբ քաղաքացիական պատերազմ է սկսվել, և միլիոնավոր մարդիկ են մահացել, այդ ժամանակ երկիրը չէր կարողանում երկար տարիներ հասնել տնտեսական նախկին մակարդակին. «Արդյո՞ք քաղաքացիական պատերազմի ժամանակ Հայաստանը կունենա ներուժ դիմակայելու համար: Իհարկե ոչ, -ասել է պատմաբանը և հավելել, -պետական կառույցներն այնքան են թուլացել, որ քաղաքացիները կարող են մտնել ոստիկանություն, ծեծել, ջարդել, փշրել, ոստիկանին տանեն հիվանդանոց: Ու քրեական գործ է հարուցվել ընդամենը խուլիգանության հոդվածով»:

Բանախոսը նաև հարց է բարձրացրել, թե ինչու չեն բացահայտվում «Նաիրիտի», Հյուսիս-Հարավ ճանապարհաշինության կոռուպցիոն սխեմաները, կամ ում է պատկանում Հայաստանի մոլիբդենի հսկայական պաշարը. «Սա կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պրիմիտիվ հաշվեհարդար է անհատների դեմ: 100 օրվա շռնդալից ապտակը լրատվության և մարդու խոսքի ազատության իրավունքի ոտնահարումն էր: Նիկոլ Փաշինյանը սարսափելի արագությամբ ոչնչացնում է մեր պետական և պաշտպանական ռեսուրսները»: