Հայ կինոն, որ փորձությունների դաժան ժամանակահատված ապրեց «Հայֆիլմի» սեփականաշնորհումից հետո, որոշակիրոեն ուշքի գալու նշաններ է ցույց տալիս: Այդ քայլերից մեկն էլ հայ կինոժառանգության վերադարձն էր հետ, որ կատարվեց նորանշանակ Մշակույթի նախարարի ձեռամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային կինոնկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ասուլիսին, նրա ներկայացմամբ մինչև 2024 թվականը կվերականգնվի ու կհանրայնացվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը: Այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից էր բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի հետ համագործակցության հաստատումը: Նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով: Նախագծի կազմակերպիչներն ասում են՝ 103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր տուփ ներառում է 10 րոպե տեւողության կինոնյութ։ Բացի այդ նախատեսվում են նաև հարցազրույցներ «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր ողջ են, իսկ սեպտեմբերին Բըրդը պատրաստվում է Հայաստան գալ ավելի մանրամասն ծրագիր կազմելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ։