Հարյուր օրում հազար հարց կուտակվեց. պետք է պատասխանել:
Հազար հարցն ունի հարյուր հազար պատասխան. պետք է ճիշտն ընտրել:
Ճիշտն էլ հարաբերական է. պետք է Արմեն Սարգսյանին անհանգստացնել:
Արմեն Սարգսյանը նույնպես երկընտրանքի մեջ է. լա՜վ, էդ մարդը մի բանի մի օր պետք պտի գա՞, թե՞ չէ…
Հույսը մնում են մարդիկ՝ ժողովուրդը: Իսկ ժողովուրդն էլ լա՜վ վրդովված է. պետք է սառը դատել: Բայց ա՛յ Նիկոլը շատ անվրդով է. շատ լավ նշան է:

Հազար հարցի մեջ մի հարց կա, որը հռետորական է. հռետորական հարցերը, ավա՜ղ, պատասխան չունեն, ոչ էլ ուզում են: Հարցն այդ, գլխիվայր կախված օդի մեջ, վաղը կհնչի հրապարակում: Այդ հարցը մի ժամանակ Արշակ Սադոյանի սիրած հարցն էր.
-Ինչքա՜ն կարելի ա…
Այ հենց ա՛յս հարցն է, որ ոչ պատասխան ունի, ոչ էլ ակնկալում է պատասխան: Հարցն ինքը պատասխան չի ակնկալում, բայց մարդիկ, ավա՜ղ, ակնկալում են, ու շատ վաղուց է, որ ակնկալում են:

Մի՛ փրկություն կա ու մի՛ ելք կա այս հարցում. հարցն այդ մոռանանք և ուրիշ հարց տանք: Ինչ հա՞րց: Զորօրինակ ա՛յս.
-Էն երեսնամյա մեր անցման շրջանը, որ անցա՜նք, անցա՜նք, բայց էդպես էլ չանցանք, հիմա նորից զրոյի՞ց պիտի սկսենք… անցնել:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ