ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ

 «Եվ սա՞ է իրավական և ժողովրդավարական արժեքների պահպանությունը։ Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է։Հետո էլ զարմանում են, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս»։

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ, ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխոսնակ,
համեմատաբար երիտասարդ պետական այր, ով երբեմն
ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին
շփոթում էր սեփական հոր հետ

 Տիար Շարմազանով (նույն ինքը Էդուարդ), սա, իհարկե, իրավական և ժողովրդավարական արժեքների պահպանություն չէ, ըստ էության սա հանդես է և մնում է երազ տեսնել ու հայտնաբերել համերգի պատվիրատուին։ Այնպես որ հիմա հանգիստ քնիր Մորփեոսի ծոցում և կիսաերազ տես, թե ինչպես էին ՀՀԿ-ի մենիշխանության տարիներին, 2008-2018թվերին, իրավական, նաև ժողովրդավարական արժեքները բռնազավթվել ՀՀ-ում: Թե ո՞վ էր պատվիրատուն, չքմեղանանք ու այսպես ասենք` անհայտ է դեռևս, թեպետ սրա կողքին հանրահայտ են երկիրը փորձակայան սարքողները՝ և՛ Սաշիկը, և՛ Միշիկը, և՛ Ձեր հոգևոր ու բոլոր ժամանակների հայր Ազատիչը, և այլք ու մնացյալք։

Տիար Էդուարդ  Շարմազանով, Էդիկ, պարզապես Էդիչկա,  իսկ ո՞վ էր պատվիրել քեզ ու Շուշանին, Մարգոյին ու Շմայսին օրն ի բուն քծնել երկրի նախագահին ամենաքստմնելի նրբերանգներով։ Ի՞նքը` Ազատի՞չը: Կասկածում եմ, և այն էլ չափից ավելի խիստ։

Մի խոսքով ամենևին մի զարմացիր, որ Քոչարյանը ցուցմունք չի տալիս, բայցև զարմանքդ փարատելով ասեմ, որ նա, իհարկե, հարկավ, անշուշտ, բնականաբար, անխուսափելիորեն ցուցմունք կտա և դրա արդյունքում բազմազան անուններ ի հայտ կգան։

Անուններ, որ ասպատակել են երկիրը։
Մականուններ, որ անասնականության գլուխգործոցներ են կերտել։
Մի խոսքով, մի հուզվիր, Սեդրակիչը ցուցմունք կտա, երբ հյուսիսից նրան կողմնորոշեն:

Այս ամենը հասու եղա՞վ արդյոք թափառումների մեջ գտնվող հոգուդ, ընկալեցի՞ր ամենայն խորությամբ ասվածը, թե հայելու առաջ խրոխ կեցվածք ես մշակում ընդունել հերթական դատարակաբանությունը դուրս տալու համար։

Այնպես որ գտիր ժամանակ ու պարզաբանիր, պաղատում եմ…