Երևանի պետական համալսարանում ուսանողների կողմից հաճախ է բարձրացվել այն հարցը, որ հատկապես որոշ ֆակուլտետներում կա մասնագիտական գրականության թարգմանության խնդիր։ Դրա պատճառով ուսանողները հաճախ ստիպված են լինում ինքնուրույն գտնել համապատասխան գրքերը ռուսերենով կամ անգլերենով, թարգմանել պահանջված մասը, սովորել և պատրաստվել քննության։ Շատ ուսանողների կարծիքով՝ լինում են դեպքեր, երբ պարզապես անհնար է հենվել միայն դասախոսի պատմածի վրա։

 Օտար լեզվով գրականությունը թարգմանել և սովորելը, ուսանողների պնդմամբ, առաջ է բերում որոշակի խնդիրներ՝ կապված ժամանակի հետ. մինչև միջանկյալն ընկած ժամանակահատվածում ֆիզիկապես գրեթե անհնար է հասցնել այդքանը թարգմանել և սովորել։ Բացի այդ երբեմն առաջանում է նաև լեզվի խնդիրը. ուսանողներ կան, ովքեր տիրապետում են ոչ թե անգլերենին, այլ օրինակ ֆրանսերենին կամ գերմաներենին։ Ուստի այդ դեպքում ֆրանսերենին տիրապետող ուսանողն ինչպե՞ս պետք է սովորի դասախոսի կողմից հանձնարարված անգլերենով գրականությունը։

Այս հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների, թե՛ ռեկտորի հետ։ Սակայն հիմնական պատասխանը եղել է երկու բառով ասած՝ «գնացեք լեզու սովորեք»:

Տարբեր լեզուների տիրապետելն անշուշտ միայն առավելություն է և նախընտրելի։ Սակայն որքանո՞վ է դա հնարավոր մեկ-երկու շաբաթվա ընթացքում անել։ Ինչպե՞ս այդքան քիչ ժամանակահատվածում ֆրանսերենին կամ գերմաներենին տիրապետող ուսանողը սովորի անգլերեն այնքան լավ, որ կարողանա գրականություն թարգմանել։

 Այս հարցը կրկին բարձրացվեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Կասկադում հավաքված ուսանողներից մեկը, ով սովորում է ԵՊՀ֊ի հոգեբանության ֆակուլտետում, նախարարին ասաց, որ երբ համալսարանում ռեկտորի հետ հանդիպման ժամանակ այդ հարցն ուղղում են, պատասխանում են՝ «ուրեմն անգրագետ եք ու չեք ուզում կարդալ ռուսերեն»:

Ուսանողի խոսքով՝ մասնագիտական գրականությունը պիտի թարգմանվի, որովհետեւ եթե հայտարարվում է, որ համալսարանում կրթությունը հայերեն է, ուրեմն պարտավոր են դասագրքային մակարդակով ուսանողի համար ունենալ հայերեն գրականություն. «Շատ մարդիկ կան, որ, օրինակ, Սիրիայից, Հալեպից գալիս են Հայաստան, ընդունվում են համալսարան և չունեն ռուսերենի տարրական կրթություն, իրենց համար խնդիր է ռուսերենով մասնագիտական գրականություն կարդալը»:

 Նախարարը լսելով բարձրացված հարցը` հետաքրքրվեց. «Էդ ո՞վ է ձեզ անգրագետ ասել։ Բուհում չգիտեմ ձեզ ով է վիրավորել և շատ վատ է արել, որ վիրավորել է, դուք որպես ուսանող և ձեր ընկերները պետք է նման մարդու պատասխանատվության կանչեիք»:

Նախարար Հարությունյանն ասաց, որ մասնագիտական գրականությունը պետք է փորձել նաև այլ լեզուներով կարդալ, աշխարհը փոփոխվում է, և այդ ծավալը թարգմանելը պրակտիկորեն անհնար է: Ինչ վերաբերում է բուհերի արդյունավետ կառավարմանը, նախարարը հորդորեց դա անել ուսանողների ակտիվության, արդար իշխանության, ինչպես նաև դասախոսների և գիտխորհուրդների ավելի ակտիվ գործողություններով, կարծրացած և փոփոխությունների չգնացող ռեկտորների փոփոխությամբ։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ