Երկրապահ կամավորականների միության ունեցած դերի և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին զրուցել ենք ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հիմնադիր հրամանատար, ԵԿՄ նախագահի թեկնածու Արա Խուդավերդյանի` հայտնի Կոռնիձորի Արոյի հետ:

-Պարոն Խուդավերդյան, նախքան բուն թեմային անցնելը, կարճ ներկայացրեք՝ որտեղից է սկսվել ու որտեղ ավարտվել «Կոռնիձոր» ջոկատի մարտական ուղին:

-«Կոռնիձոր» ջոկատի ուղին սկսվել է 1989թ. արդեն իսկ ջոկատի անվան մեջ հիշատակված տեղանունից ու ավարտվել 1994թ. Հորադիզով։ Ես եղել եմ այդ ջոկատի հիմնադիր հրամանատարը, իսկ ղարաբաղյան շարժմանը 1988 թվականից եմ մասնակցել։ Պայքարի բոլոր փուլերով անցել եմ՝ ընդհուպ հացադուլով:

Երբ պատերազմ սկսվեց, առաջինը մենք 7 հոգով խումբ կազմեցինք (հետո, իհարկե, դարձանք ջոկատ), իսկ առաջին մկրտությունն էլ Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում ստացանք: Դա համընկավ այն միջադեպի հետ, երբ ադրբեջանցիները երկու հայ հովվի սպանեցին և երկաթե ձողեր խրեցին ոտքերի արանքում։ Այդ ժամանակվանից մենք հիմնավորվեցինք Կոռնիձորում և սկսեցինք զինված պայքար՝ ընդդեմ Ադրբեջանի Ազգային ճակատի և սովետական բանակի ներքին զորքերի:

Պատմության նկատմամբ հետաքրքրություն ունեցողների համար ասեմ, որ կամավորական շարժումը սկսվել է «Կոռնիձորով»: Մեր ջոկատը դարբնոց էր, այն այս կամ այն ջոկատին մատակարարում էր փորձառու կռվողներով։ Հետագայում մեր ջոկատի հիմքի վրա ներքին զորքերի համակարգում ստեղծվեց հատուկ նշանակության ջոկատը:

-Դուք անցած լինելով նման ճանապարհ՝ ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք լքել ԵԿՄ-ի շարքերը:

-Նախ գոյություն ունեցող թյուր պատկերացումները ցրելու համար ասեմ, որ իրականում «Երկրապահ» կամավորականների միության հիմնադիրը դե ֆակտո ես եմ, դե յուրե՝ Վազգեն Սարգսյանը։ Հետագայում լայն շրջանառության մեջ դրված Մանվել Գրիգորյանն այն ժամանակ ցայտուն կերպար չէր։ Հետագայում, երբ ստեղծվեց 5-րդ բրիգադը, հրամանատարի տեղակալ նշանակվեց Մանվել Գրիգորյանը, իսկ այդ բրիգադը համալրելու համար շուրջկալներով մարդկանց հավաքում ու այնտեղ էին տանում։ Մանվել Գրիգորյանի համար մարդիկ տուփերով զոհաբերելը սովորական երևույթ էր։ Նրա անցած մարտական ճանապարհը երբ դիտարկում ես տված զոհերի քանակով ու տանում զուգահեռներ, ոգևորիչ ոչինչ չես տեսնում։ Հրամանատարը պետք է կարողանա հաշվարկել, թե մարդկային ռեսուրսի որքան հնարավոր կորուստ կպահանջվի այս կամ այն գործողության համար ու նրա մեծագույն արժանիքն այն կլինի, որ դրանից էլ քիչ զոհ տա։ Բնականաբար դա կախված է նրա ռազմական տաղանդից, իրավիճակը վերլուծելու ունակությունից ու էլի մի շարք բաղադրիչներից՝ այդ թվում նաև նրանից, թե ինչպիսին կլինի հակառակորդի պահվածքը տվյալ իրադրությունում:

1994 թվականից հետո, երբ սկսվեց «Երկրապահի» վկայականների ու շքանշանների վաճառքը, ես ի լուր բոլորի հայտարարեցի, որ ինձնից հետո ես երկրապահ չեմ ճանաչում, նոր երկրապահ պատերազմից հետո չի կարող լինել։ Իմ հայտարարության նպատակն էր կռվածին չկռվածից սահմանազատելը, հնարավոր ձևախեղումների դեմն առնելը: Առաջին պարգևատրման ժամանակ, որը կայացել է Սևանում, 15 ու 7 հազար դոլարով վաճառվել են Մարտական խաչ առաջին աստիճանի և Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշաններ։ Հենց դա պատճառ դարձավ, որ հեռանամ ԵԿՄ-ից:

-Դուք վստա՞հ էիք դրանում, համոզվա՞ծ էիք, որ եղել են մարդիկ, ովքեր փողի դիմաց շքանշան են ստացել:

-Իհարկե, այլապես գլուխս կախ կգնայի ու կվերցնեի: Ես այդպես վարվեցի, որովհետև համոզված էի գերագույն ճշմարտությունում` արյունը չի կարող վաճառվել:

-Ինչպե՞ս ստացվեց, որ պատերազմի մասնակիցները ժամանակի ընթացքում երկրորդ պլան մղվեցին:

-Շատ սովորական: Իրենց ունեցած պաշտոնական դիրքն օգտագործելով՝ մեզ դուրս մղեցին ամեն տեղից, պրոբլեմի վրա պրոբլեմ սարքեցին, թույլ չտվեցին, որ պատերազմի ընթացքում ստացած վերքերը բուժենք, մնանք իրենցից մշտապես կախված: Այնպես արեցին, որ ատելի դառնանք թե ինքներս մեզ, թե մեր ընտանիքներին, արհամարհեցին մեզ ու այդպես հայտնվեցինք «դռնից» այն կողմ:

Մեր` պատերազմի միջով անցածներիս, հակառակորդին կրունկ ցույց չտվածներիս վաստակն ու դափնիներն այսօրվա դրությամբ վայելում են մարդիկ, ովքեր այն ժամանակ շատ հեռու են եղել պատերազմից. մեր տղաների լեզվով ասեմ՝ կպչիկ յուբկա էին ճարել ու տակը պատսպարվել, պատերազմը պրծել է, գլուխները հանել են դուրս ու հանկարծակի դարձել պատերազմի մասնակիցներ:

ԵԿՄ-ից իմ դուրս գալուց հետո մոտավորապես 2500 հոգի ևս, որոնք անցել են պատերազմի միջով, լքեցին այն։ 1995 թվականի համագումարին ռազմական խունտան` ասֆալտի վրա կռվածի համբավ ունեցողները, կաբինետային գեներալները, ԵԿՄ-ն կարողացան իրենց ձեռքը վերցնել, հետո հանձնեցին Մանվելին և ԵԿՄ-ի օգնությամբ սկսեցին սև գործեր անել:

-ԵԿՄ առաջիկա համագումարում պատրաստվում եք նախագահի պաշտոնում ներկայացնել Ձեր թեկնածությունը։ Կանոնադրությունը թո՞ւյլ է տալիս դա:

-Միջգերատեսչական հանձնաժողովը 2017 թվականին ինձ տվել է երկրապահ կամավորականի վկայական, իսկ կանոնադրության 4-րդ կետի համաձայն բոլոր նրանք, ովքեր ունեն այդ վկայականը, հանդիսանում են ԵԿՄ անդամ՝ անկախ այն բանից, գնում ես համաժողովներին, թե չես գնում, ինչ վերաբերմունք ունես միության հանդեպ:

ԵԿՄ նախագահի պաշտոնում ինձ առաջադրել են միությունից անջատված 18 ՀԿ-ներ, բազմաթիվ ազատամարտիկներ, և ես առաջիկա համագումարին, այո, պատրաստ եմ դնել թեկնածությունս:

-Ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու ձեր առաջնահերթ քայլերը:

-ԵԿՄ-ն դարձել էր հանցավոր կենտրոն ՀՀԿ-ի ձեռքին, ընտրությունների ժամանակ իրավիճակ փոխողի, փող սարքողի, փող բաժանողի, քվեաթերթիկ փոխողի, քվեատուփեր թռցնողի, մարդկանց վախեցնողների որջ։ Իմ և իմ թիմակիցների կողմից առաջնահերթ մաքրվելու են ԵԿՄ-ի շարքերը. չկռված մարդը երկրապահում անելիք չունի։ Իսկ որպեսզի իրավիճակը հստակ պատկերացնեք, ասեմ, որ միության 68 հազար անդամներից 15 հազարն է կռված, ազատամարտիկ։ Մանվել Գրիգորյանի նախագահության օրոք փաստացի ընտրություն չի եղել: Նա էր ասում, թե ում ավելացնեն, ում թողնեն:

ԵԿՄ-ն առաջին հերթին պետք է դառնա պետական հովանու տակ գործող կազմակերպություն։ Ու, որ շատ կարևոր է, պետք է օրենքով սահմանվի, թե ով է ազատամարտիկը, ով` պատերազմի մասնակիցը և ով` պատվովճարի հավակնորդը։ Պատերազմի միջով անցած ԵԿՄ անդամները պետք է կարողանան պահել իրենց ընտանիքները, վճարել երեխաների ուսման վարձը, իրենց բուժման ծախսերը, ապրեն հպարտ ու արժանապատիվ կյանքով: Ես իմ համախոհների հետ միասին անելու են ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ իրենց արժանին ստանան:

Հարցազրույցը՝ Henq.am