Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հայտարարությամբ` լրանում է կառավարության գործունեության 100 օրը և որ այս 100 օրվա ընթացքում կառավարությունը լուծել է իր առջև դրված հիմնական խնդիրներից մեկը` հետհեղափոխական շրջանում ապահովել են երկրի բնականոն գործունեությունն ու տնտեսության բնականոն շարունակական զարգացումը:

Ըստ վարչապետի՝ 100-օրյա ժամանակաշրջանից հետո կառավարությունը թևակոխելու է մի նոր փուլ. «Այդ նոր փուլի հիմնական իմաստը բարեփոխումները «ֆորսաժի» ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ քաղաքացիները դրել են մեր առաջ և որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք և լուծում ենք արդյունավետ»: