Իսկապե՛ս: Ինչո՛վ:
Ինչո՛ւ մեկին բաց են թողնում նույն հանցանքի համար, իսկ մյուսին՝ ոչ:
Քա՛վ լիցի, ոչ սրա կողմից եմ, ոչ նրա. ուղղակի ուզում եմ տրամաբանության մի նշույլ գտնել:
Ասում են՝ նրանք գրավ են դրել, դրա համար բաց են թողել:
Ես չեմ հավատում, որ բաց չթողածների «ստորին ռասայի» ձեռը էնքան է քարի տակ, որ դժվարանան գրավ դնեն, պրծնեն:
Ո՛վ է տարանջատում և ի՛նչ սկզբունքով Նուբարաշեն մշտական եկածներին մեկ-երկու օրով հյուր կանչածներից:

Հասկանո՞ւմ եք, մարդկանց մեջ կարծիք ու կասկած է ծնվում, թե ինչ-որ մեկն ուղղակի խաղ է անում: Խաղն անդուր խաղ է, բայց կանոնները շատ խրթին են: Ոնց որ քյոռլինգը կամ ոնց որ բեյսբոլը: Բայց, ըստ իս, ուղղակի «դուռակ» են խաղում՝ «բլոտի» ու «պոկերի» տարրերով: Երկու-երեք խաղ խառնել իրար, խաղը բարդացրել, իրենք խաղում են, մարդիկ նայում ու բան չեն հասկանում: Պատկերացրե՛ք, ողջ ազգի առաջ իրենք խաղում են, իսկ մարդիկ միայն պատառիկներ են էդ խաղից… լսում: Լսում են, թե ոնց են Սաշիկին ասում՝ «բիտա», Վաչիկին ասում՝ «բի՛տա», բայց անմիջապես Սաշիկն ասում է՝ «հիսո՜ւն», Վաչիկն ասում է՝ «հարյո՜ւր», բաց թողնողներն իսկույն ասում են՝ «փա՜ս»: Քոչարյանին ասում են «բի՛տա», Վերաքննիչն ասում է՝ «քո՛նշ», ՀՔԾ-ն ասում է՝ «քոնշին՝ քո՛նշ. սրո՛ւմ եմ»: Իսկ էդ ընթացքում Քոչարյանն արդեն, «ֆլեշ ռոյալ» բռնած, թռչում է Ռոստով, որ խաղաղ Դոնի ափին ականջը խաղաղվի:

Մարդիկ էլ այս ամենը լսում են ու հոգնած-տարակուսած գնում ուղիղ ֆեյսբուք: Սակայն ֆեյսբուքում նույնիսկ մի հոգի չկա, որ էդ խաղի կանոններից տեղյակ լինի. բոլորը «փասից» լրիվ անտեղյակ են: Ու այ այստե՛ղ իր ձվից լույս աշխարհ է գալիս կասկածի ամենազոր որդը: Այդ որդը, մի՛ նայեք, որ փոքրիկ բան է, այդ որդը վիշապ է, վիշապից զորեղ բան է այդ որդը, որը մարդկանց մեջ տպավորություն է ստեղծում, թե շատ տհաճ ու շատ անցանկալի մի գործընթաց է շուրջը կամա՜ց սկսվում: Այդ գործընթացն իր «պատկերավոր» լեզվով շատ դիպուկ է նկարագրել Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիռդինը. «Какую бы общественную организацию мы ни создавали - получается КПСС»:

Ասել կուզի՝ «մաֆիան անմահ է», ու ոչ ոք չի կարող դրա դեմ ելնել ու լուրջ պայքարում լուրջ հաղթանակ տանել: Հաղթանակ տոնել՝ հնարավոր է, բայց տանել՝ ավա՜ղ…
Եւ ուստի ինչ-որ պահից ի վեր (ավելի ճիշտ՝ ի վար) սկսվում է պայքարի սոսկ… «իմիտացիան»: Մեր լեզվով ասած՝ «Պայքա՛ր, պայքա՛ր՝ մինչև վերջ»-ից երկու «պայքար»-ն էլ չքանում են ու տակն ինչն է մնո՞ւմ… Էդ էլ ֆեյսբուքում դո՛ւք իրար ասեք:

Չեռնոմիրդինին հիշեցինք՝ իրենով էլ ամփոփենք.

-Есть ещё время сохранить лицо. Потом придётся сохранять другие части тела.

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ