Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար պայքարը, որտեղ Եվրոպայի լիգայի գավաթակիր Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» էր։

Խաղի մեկնարկային րոպեին Դիեգո Կոստան ստիպել է «Ռեալի» ֆուտբոլիստներին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից, և այդ գոլի շնորհիվ «Աթլետիկոյի» հարձակվողը դարձել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի պատմության ամենաարագ գոլի հեղինակը։ Սակայն 27-րդ րոպեին Քարիմ Բենզեմային հաջողվել է գնդակն ուղարկել Յան Օբլակի պաշտպանած դարպասն ու հաշիվը հավասարեցնել։

Հանդիպման 63-րդ րոպեին արդեն «Ռեալին» է հաջողվել առաջ անցնել հաշվի մեջ։ Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրել է Սերխիո Ռամոսը։ Սակայն «Աթլետիկոյից» 16 րոպե է պահանջվել խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար: Դուբլի հեղինակ է դարձել Դիոգե Կոստան՝ 2:2։

Լրացուցիչ ժամանակի 98-րդ րոպեին, Ռաֆայել Վարանի սխալից օգտվելով, փոխարինման դուրս եկած Թոմասի փոխանցումից հետո Սաուլը գեղեցիկ գոլով առաջ է մղում Դիեգո Սիմեոնեի թիմին, իսկ 6 րոպե անց «Աթլետիկոյին» հաջողվում է ձևավորել հանդիպման վերջնահաշիվը՝ 4:2։ Գոլի հեղինակն է Կոկեն:

«Աթլետիկոն» իր պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը (2010, 2012)։

Սոնա ԳԻՇՅԱՆ