Հայ֊ռուսական հարաբերությունների հետագա ընթացքն այժմ մշուշոտ է։ Ինչ վեկտորի վրա կհայտնվեն այդ հարաբերությունները ներհայաստանյան ներկա իրավիճակի արդյունքում՝ հնչում են տարբեր կարծիքներ ու տեսակետներ։ Ռուսական մամուլում շատերը գրում են, թե Ռուսաստանը չի վատթարացնի Հայաստանի հետ շփումը «մի Քոչարյանի ու մի Խաչատուրովի համար»։ Ամերիկան ուշի ուշով հետևում է այս դեպքերի հետագա ընթացքին։ Դա ևս մեկ անգամ փաստել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրերս մամուլին տված հարցազրույցներից մեկում։ Ասում է՝ ԱՄՆ֊ն վաղուց էր սպասում մարտի մեկի գործի արդարացի հանգուցալուծումը տեսնելուն։

Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող է լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ։ Նման կարծիքի է «Ազգային շահ» կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը։ Նա հակված չէ մտածելու, թե Ռուսաստանի կառավարության համար անընդունելի են ժողովրդավարական պետությունները. «Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ համագործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, հետո նաև՝ Հնդկաստանն ու Բրազիլիան»:

Սանջերսն ասում է՝ ամեն ինչ կախված է իրավիճակից: Եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը որոշի, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը բխում է Հայաստանի պետական շահերից, ապա լուրջ խոչընդոտներ չպետք է լինեն: Անշուշտ Ռուսաստանն իր սեփական պատկերացումներն ունի բարեկամության և դրան հասնելու մասին, ինչպես պնդում է փորձագետը, սակայն, կարծում է, որ ժողովրդավար Հայաստանն ունի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու հնարավորություն:

Իսկ ահա Ուկրաինայի բանակցությունների հարցով ԱՄՆ֊ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոքերը իրավիճակն այլ կողմից է դիտում։ Նա փաստում է, որ այն երկրների նկատմամբ, որոնց վրա Մոսկվան ազդեցություն ունի, Կրեմլի վերաբերմունքն այլ է. «Ռուսաստանն ունի հիմնարար հակասություն ժողովրդավարության հետ՝ թե՛ սեփական երկրում և թե՛ հարևանների մոտ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի կարող վերահսկել, թե ինչ են ցանկանում մարդիկ հարևան երկրներում։ Բոլոր դեպքերում ժողովրդավար երկրների քաղաքացիներին Ռուսաստանը չի կարող թելադրել սեփական կամքը»։