«Армяне пришли в ярость из-за освобождения бывшего президента страны»…

Яндекс

Այսպես լակոնիկ ազդարարեց «Յանդեքսն» իր ընթերցողներին Ռոբերտ Քոչարյանի ազատման փաստը:
Շատ երկրներում են մարդիկ իրենց ցասումն արտահայտում իրենց գործող ղեկավարի դեմ, բայց նրան, ինչ մեզանում է կատարվում այսօր, «հակաթրամփ» Ամերիկայի լիբերալ բանակի՛ ուժն անգամ դժվար թե պատի: Մարդկանց ցասումն առավելս ակնառու է դառնում, երբ հիշում ես, որ մերոնք իրենց ցասումն են արտահայտում ոչ թե գործո՛ղ, այլ 10 տարի արդեն չգործո՛ղ՝ նախկի՛ն ղեկավարի դեմ, դրան կալանքից ազատելո՛ւ դեմ:

Քրիստոնյայի ներողամտությամբ երբեմն նույնիսկ չափից շատ օժտված մեր ժողովուրդն ա՛յս անգամ Քոչարյանի՛ն զարմանալի կերպով ոչ մի պարագայում չի ուզում ներել: Անգամ անչափ ինքնավստահ Քոչարյանն ինքը երևի չէր կարծում, որ մարդկանց ատելությունն ու նողկանքն իր անձի հանդեպ այդքան մեծ է եղել: Իսկ այդ ցասումը ցանկացած ատյանի դատարանի վճռից առավել զորեղ ու անաչառ է:

-Ահա սա՛ է քո գործունեության ամենաստույգ գնահատականը, պարոն Քոչարյան:
Ահա՛ ձայն բազմաց, պարոն Քոչարյան:
Քանի միլիարդ արժեր այս դառն հաբը, որը կուլ տվիր:
Երե՞ք: Չո՞րս: Թե՞ հինգ:
Քթիցդ չեկա՞վ էդ երեք-չորս-հինգը:

Ու հենց այս իրավիճակում Քոչարյանի գրասենյակից լացակումած հայտարարություն է հնչում: Պարզվում է՝ իրենք՝ երբեմնի արծիվներն, այսօր իրենց բույն-աղավնատուն հալածված-քշված աղունիկներ են նոր իշխանության կողմից:
Նման արգահատանք իշխանավարողի հանդեպ ձեր խոնարհ ծառան մեկ էլ մի անգամ է զգացել. երբ Միխայիլ Գորբաչովը հլու-հնազանդ իր շնչին կանգնած Բորիս Ելցինի կոպիտ-ագրեսիվ «հրաման-ուլտիմատումին»՝ իր հրաժարականն էր վախից կակազելով ստորագրում: Իսկ շուտով, որպես մի Հուլիոս Կեսար, ծնունդն էր տոնում Լոնդոնում թե ուր: Իր թեկնածությունն էր դնում ՌԴ նախագահական ընտրություններում ու, կլորացրած, հավաքում… զրո:

Կամ ի՛նչ է նշանակում, թե «խանգարեցին» ձեզ, որ մի բան ասեք. տե՞ղ չունեք, որ ասեք, թե՞ լեզու-բերան:
Հարցազրույցի հնարավորությո՞ւն չունեք:
Ասելու բան ունեք՝ ասե՜ք. ի՞նչ կոկետություն եք անում, պարոնա՛յք: Հո «պանել» ելած պչրուհինե՞ր չեք, որոնց մի մասին «առաջ են քաշել» ու տարել «էսկորտ», որ նույն գործն անի, ինչ անում էին «պանելի» վրա, սոսկ առավել բարձր «աշխատավարձով»: Բայց էդ նոր՝ «առավել պատասխանատու» էդ պաշտոնում իրենք շարունակում են իրենց «պանելը» կարոտել…

Ինչի՞ց եք բողոքում՝ բախտի՞ց, թե՞ Նիկոլից:
Թե՞րթ չունեք՝ արտահայտվեք, թե՞ եթեր չունեք:
Ինչնե՞րդ է պակաս, որ գանգատվում եք, «մի մութ անկյունում նստած փիսիկի» ձեռի հացն առնում:

Հապա մի լսե՛ք Քոչարյանի գրասենյակի արած այդ հայտարարությունից ա՛յս. «…և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ »»:

Պարոնա՛յք (մարդ արդեն վախենում է անգամ՝ ձեզ «պարոնայք» ասի), թե սա «էժանն» էր, շուտով «թանկն» է՛լ կտեսնեք: Էդ արդեն դժվար լինի հասարակ մի «բեմականացում»: Էդ արդեն կլինի ձեր ու Քոչարյանի հրապարակային դատավարություն՝ համաձայն ՀՀ սահմանադրության առաջին տողի, ըստ որի Հայաստանի Հանրապետության իշխանություն կրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են՝ հայ ժողովուրդը, հինավուրց, իմաստուն, փոքրաթիվ, սակայն մե՛ծ ժողովուրդը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ