Սպառողական շուկայում հերթական գնային բարձրացումներն են արձանագրվել։ Սպառողները տեղեկացրել են, որ Բաղրամյանի ալրաղացում ալյուրի գինը թանկացել է՝ դա բացատրելով նրանով, որ թանկացումը պայմանավորված է ցորենի քանակի քիչ լինելու հետ:

«Ալյուրի գինը բարձրացել է ոչ միայն Հայաստանում այլև Եվրոպայում, Ռուսաստանում: Չգիտենք դեռ ինչքան ժամանակ ալյուրը բարձր գնով կվաճառվի, բայց առաջիկայում հացի գինը չի բարձրանա, քաշը՝ նույնպես», -ասել է արտադրության պետ Սայաթ Գասպարյանը:

Թե այդ ինչ հնարքով է ալյուրի բարձրացած գնի կողքին հացի քաշն ու գինը մնալու անփոփոխ՝ հարկավ ստույգ գիտեն երկու անձ՝ մեկը զարմանալի թվաբանության հմտություններին տիրապետող վերոհիշյալ Սայաթ Գասպարյանն է, մյուսը՝ նրա ամենազոր տեր, Բաղրամյանի ալրաղացի սեփականատեր, ԱԺ պատգամավոր, բարձրագույն մաթեմատիկայի խորագիտակ Սամվել Ալեքսանյանը, ով այս տարիներին ժողովրդին լֆելով ու քյաֆելով դարձել է առևտրատնտեսական, ֆինանսական հզոր մագնատ ու թե այս աշխարհում մեկի առաջ էլ խեղճանում է, խեղճանում է միայն տիկին Շողերի առաջ, ով նրա ամեն ինչն է՝ ընդհուպ ձեռի ծախսի փող տվողը:

Դառնալով թանկացումներին՝ ասենք, որ այն վերաբերում է ալյուրի բոլոր տեսակներին: Հիշեցնենք, որ Բաղրամյան ալրաղացը հայաստանյան ցորեն չի սպառում և միայն արտերկրից ներմուծված ցորենից ստացված ալյուր է մատակարարում: