Որքան խորհրդարանական արտահերթ ընտրությունները մոտենում են (չնայած դեռ կոնկրետ ամիսը կամ օր հայտնի չէ, բայց իշխանափոխությունից հետ մի քանի անգամ հայտարարվել է, որ մեկ տարվա ընթացքում անպայման կկայանան ընտրությունները), այնքան ԱԺ-ում հայտնվել ցանկացող, նոր ծլող կուսակցությունների թիվը շատանում է։ Շուտով կուսակցությունների կենսագրությունների թիվը մեկով կավելանա՝ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը կհամալրի նրանց շարքը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է նախաձեռնող խումբը ։

Ստեղծվելիք կուսակցության նպատակն ու անելիքը նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսպես ձևակերպեց. «Մենք մտածել ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է ռեալիզացվեն և նպատակները ուղենշային դառնան մեր պատմության համար, որ չվերադառնանք ճահճային վիճակի։ Մեր կուսակցությունն ունենալու է աջակենտրոն դիրքորոշում, լինելու է ժողովրդավարական՝ ժողովրդավարության սկզբունքների և եկեղեցու դավանանքի փիլիսոփայության հիման վրա, սակայն կրոնական կազմակերպություն չի լինելու: Կուսակցությունը որոշ իմաստով պահպանողական կլինի, որոշ իմաստով՝ լիբերալ, և փորձելու ենք Ազգային ժողովում զբաղեցնել աջ թևը»։

Թյուրիմացութունից խուսափելու համար նաև տեղեկացվեց՝ Խոսրով Հարությունյանի գլխավորած «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության հետ ոչ մի ընդհանրություն չունեն, իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, ՔԺԿ-ն խնդիր չի տեսնում այդտեղ, եթե, իհարկե, խոսքը կոռուպցիայով հայտնի քաղաքական գործիչների մասին չէ։

Սակայն նախքան համագործակցության հնարավորությունները քննարկելը, դեռ ընտրություններին բավարար ձայներ հավաքել է պետք։ Այդ հարցում, կարծես, նախաձեռնող խումբը խիստ մարտական է տրամադրված, Շիրինյանի խոսքն էլ՝ որպես դրա վկայություն. «Մենք գնում ենք քաղաքական խնդիր լուծելու, եթե ժողովուրդը վստահի, կլինենք, չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ մշակութային, գաղափարական, քաղաքական հեղափոխություն»:

Հեղափոխության հաղթանակի պարգևած ոգևորությունը, ինչպես երևում է, դեռ ուժը չի կորցրել, ու հիմա մարդիկ կարծում են , թե այն արևածաղիկ չրթել է, երբ ուզեն՝ հեղափոխություն կանեն։ Առաջ չընկնելով գնահատել դեռ չստեղծված կուսակցությունը՝ չենք կարող դաշտում արդեն բավականին երկար ժամանակ գործող կուսակցությունների ցավոտ կողմին չանդրադառնալ՝ գաղափարախոսության բացակայությանն ու անդեմությանը։ Այնքան անկայուն ու անկանխատեսելի գիծ են որդեգրել ԱԺ-ում հայտնված կուսակցությունները, որ մարդ ընտրության գնալիս վստահ չի լինում, որ այս կամ այն ուժին կամ ծրագրին հավանություն տալու դեպքում որոշ ժամանակ անց հուսախաբ չի լինելու։ Քաղաքական խառնաշփոթի մեջ ամեն մի ուժ իր տեղը պահելու համար հեշտությամբ մոռանում է թե գաղափարախոսության, թե նախընըրական ծրագրում գրված սիրուն-սիրուն խոստումների մասին։ Հիմա թե մինչև ընտրություններ դեռ քանի կուսակցություն կստեղծվի ու ինչ խոստումներ կհնչեն, այդքան էլ էական չէ, էականը գաղափարախոսությամբ առաջնորդվելը, հասարակության վստահությունը շահելն ու այն պահելն է։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ