Մինչ այժմ հայ ծրագրավորողները «Google play»-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում:
Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում:
Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։
Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ «Google»-ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:

Հայ մասնագետները բազմիցս բարձրաձայնել էին այս անհարմարության մասին, ինչն էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Google» ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ սկսելու նյութ էր ծառայել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության ներկայացմամբ վերջապես նախորդ շաբաթ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները «Google Play»-ում և ստանալ եկամուտներ: