Ժամանակակից արվեստի ինստիտուտի և եվրոպացի արվեստագետների նախաձեռնությամբ Շուշի քաղաքի պատմական բերդապարիսպների աշտարակներից մեկում մշտական ցուցադրություն կլինի՝ լուսային ինստալացիայի կիրառմամբ: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ իրականացվող նախագծի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան հատուկ պայմաններում տեսնել բերդապարիսպների և շրջակայքի տարածական արտապատկերը: Նախաձեռնության հեղինակները՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտն ու եվրոպացի արվեստագետներն այն անվանել են «Լուրեր ոչ մի տեղից»։

Ինստիտուտի ներկայացուցիչ և նախաձեռնության համահեղինակ Աննա Կամայն «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչ են փորձելու անել նախագծի օգնությամբ. «Սա մեր առաջին նախաձեռնությունն է Արցախում՝ արվեստագետներ Ադա Կոբուշեվիչի և Ռադմիլա Ստանկեվիչի հետ համատեղ, որով ցանկանում ենք ցույց տալ աշխարհում չճանաչված պետությունների կարգավիճակն՝ այն իմաստով, որ նրանք իրականում գոյություն ունեն, որ այնտեղ մարդիկ ապրում են, ունեն իրենց ինքնությունը և ճակատագիրը»։

Լեհ արվեստագետ Ադա Կոբուշեվիչի մոտ էլ Արցախում նման նախագիծ անելու միտք ծագել է, երբ գերմանական մի երգչախմբի կատարմամբ «Լեռնային Ղարաբաղն է» լսել։ «Այդ երգը մենք լսել ենք տարիներ առաջ Սերբիայում և անմիջապես դրանից հետո սկսել ուսումնասիրել Արցախը: Այս նախագիծը, որը մենք կազմակերպել ենք Արցախում, ներկայացնելու ենք ի հակադրություն Ավստրիայի Շտիրիա քաղաքում արված մեկ այլ նախագծի. Արցախում մարդկանց մեջ միանալու ձգտումն է, իսկ Շտիրիայում ամբողջովին հակառակ պատկերն է: Բացի այդ, մենք նաև ցանկանում ենք ցույց տալ, որ կան պետություններ, որոնք չնայած ճանաչված չեն, սակայն գոյություն ունեն, և այդտեղ մարդիկ ապրում են», -ասել է Ա. Կոբուշեվիչը:

Այն, որ ժամանակակից արվեստի ներկայությունն ավելի կաշխուժացնի Շուշիի ամրոցի տարածքը՝ որպես զբոսաշրջավայր, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը չի կասկածում։ Այսքանով եվրոպացի արվեստագետների մասնակցությունն Արցախի զբոսաշրջության կյանքին, չի ավարտվի. հաջորդ նախաձեռնությունը՝ ժամանակակից արվեստի փառատոնը, այս տարվա հոկտեմբերին կանցկացվի Ստեփանակերտում։