Մեր հոգսերի հոգս հասարակական տրանսպորտը

Բարի օր, սիրելի համաքաղաքացիներ: Հավատարիմ մնալով խոստմանս՝ շարունակում եմ Ձեզ ներկայացնել մեր քաղաքի խնդիրները: Այսօր ուզում եմ անդրադսռնալ մեր բոլորի տեղաշարժն ապահովող հասարակական տրանսպորտին, մասնավորապես ավտոբուսներին ու երթուղային տաքսիներին:

Շարքային քաղաքացու կարգավիճակով շփումներ ունենալով այս ոլորտի հետ՝ թե՛ Հայաստանում , թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, նկատել եմ՝ դրսում բոլորը գրեթե անխտիր, անկախ սոցիալական կարգավիճակից, նախընտրում են օգտվել հենց այս փոխադրամիջոցներից: Պատճառը թերևս պարզ է. դրանք մատչելի են, հարմարավետ` օդորակիչներով և տաքացուցիչներով ապահովված: Էլ չեմ խոսում մաքուր լինելու ու ոչ թե ծխախոտի թանձրացած «բուրումնավետության» մասին: Դրանցում անգամ վճարման կարգն է հնարավորինս պարզեցված: Բնականաբար, տեսնելով այս ամենը, շարքային քաղաքացին նախընտրում է օգտվել տրանսպորտի այս տեսակներից, այլ ոչ թե գրեթե նույն պայմաններով, սակայն ավելի թանկ տաքսիներից:

Համեմատություն կատարելով արտասահմանի հետ և սևեռելով մեր քաղաքում տիրող իրավիճակի վրա` պարզից էլ պարզ երևում է , որ Երևանի հասարակական տրանսպորտն ու մասնավորապես երթուղային տաքսիները ոչ միայն չունեն չափանիշային նվազագույն պայմանները, այլև դրանք բացակայում են իսպառ: Չսափրված վարորդներ, ծխախոտի խեղդող ծուխ, հակահիգիենիկ վիճակ, իրար շալակ ելած ուղևորներ, վճարման կարգի անհարմարավետություն… Ի՞նչ են նշանակում «փոխանցեք», «երկու հատ ստացեք» արտահայտությունները: Ե՞րբ են դրանք վերջապես վերանալու: Ե՞րբ է քաղաքը ապահովված լինելու պատշաճ երթուղայիններով ու առհասարակ հարմար երթևեկելիներով, օպտիմալ գործող տրանսպորտային ցանցով, վերջապես ե՞րբ է գալու նկարագիր, դեմք ու դիմագիծ խեղող այս ամենի վերջը: Այս խնդրի լուծումը պետք է լինի իր քաղաքը և իր քաղաքացիների կյանքը հեշտացնել ցանկացող քաղաքապետի և իր թիմի հիմնախնդիրներից մեկը: Հուսամ, հարգելի քաղաքապետ, Ձեր ընտրվելուց հետո սա կլինի առաջնային լուծում պահանջող խնդիրների առաջին տողերում:

Ձեզ հավատացող ու վստահող՝
Նադեժդա Դալյան