«Մեծն Տիգրան» աշխարհազորի ազատամարտիկները անթույլատրելի և վտանգավոր են համարում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը՝ նույնիսկ մեղադրյալի կարգավիճակում։

Այն հանգամանքը, որ կեղծ քրեական գործերի հիման վրա իրենց մարտական ընկերներից շատերը դեռ շարունակում են մնալ անազատության մեջ, իսկ իրական մեղադրանքների հասցեատեր և հասարակության լայն հատվածի հակակրանքը վայելող, բազմաթիվ ապօրինությունների հեղինակն ազատ է արձակվել, նրանց զայրացնում է։ Իրենց իսկ խոսքով՝ քաղաքականությամբ երբեք չեն զբաղվել, չեն կուսակցականացվել, բայց անհաղորդ էլ չեն եղել երկրում տարիներ շարունակ տեղի ունեցող ապօրինությունների, բռնությունների ու կեղծիքների նկատմամբ: Ակտիվ մասնակցություն են ունեցել գրեթե բոլոր ներքաղաքական իրադարձություններին՝ ետընտրական բողոքի ցույցեր, տարաբնույթ ակցիաներ, ըմբոստություն, հացադուլ: Օգոստոսի 17-ին էլ ողջ խմբով մասնակցելու են վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին՝ սատարելու երկրում սկիզբ առած օրինականության հաստատման գործընթացին: