Սանահինի վանական համալիրում շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն զբոսաշրջիկների հոսքը չի դադարում՝ գալիս են տեղացիներ, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած սփյուռքահայեր ու արտասահմանցիներ։ Անտեսելով անվերջ թվացող ու խորդուբորդ ճանապարհը՝ գալիս են տեսնելու 10-րդ դարում կառուցված այս հրաշալի վանքը, որ նաև ուսումնական մեծ կենտրոն է եղել և կարևոր դեր է ունեցել երկրի հոգևոր և գիտամշակութային կյանքում։

Այսօր էլ հոյակերտ տաճարը Ալավերդի քաղաքի այս հատվածի բնակչության համար անփոխարինելի է, կարելի է ասել՝ ապրուստի միակ ու հիմնական միջոցն է։ Վանքի ճանապարհին տեղացիները վաճառում են բրդյա գուլպաներ, ձեռագործ պայուսակներ՝ հայկական զարդանախշերով, հյութեր, թեթև սնունդ, որ գուցեև ամառվա ամիսներին չնչին եկամուտ է ապահովում, սակայն բավարար չէ ընտանիքի տարրական կարիքները հոգալու համար։

Աշխատատեղերի բացակայության պատճառով, ճարահատյալ, սանահինցիները թողնում են հայրենի եզերքը՝ օտարության մեջ փնտրելով աշխատանք և բարեկեցություն։ Մեկնում են ու, շատ հաճախ, անվերադարձ։ Մինչդեռ կարող էին մնալ ու շենացնել այս գողտրիկ անկյունը, որ զբոսաշրջության կենտրոն դարձնելու բոլոր նախադրյալները ունի՝ հրաշալի բնություն, վանական համալիր, Միկոյան եղբայրների տուն-թանգարանը, որ նույնպես գրավում է Սանահինի հյուրերին, աշխատասեր ու հյուրընկալ տեղացիներ․․․ Ցավոք, դեռևս չկան սրտացավ ներդնողներ, ովքեր կարող էին վերակենդանացնել երբեմնի գյուղը՝ կառուցել հյուրատներ, տեղական համեղ կերակրատեսակներով սննդի օբյեկտներ, որ կգրավեին զբոսաշրջիկներին և մի քանի օր Սանահինում մնալու ցանկություն կառաջացնեին։

Ի դեպ՝ երկրում տեղի ունեցած քաղաքական տեղաշարժերը մեծ հույսեր են արթնացրել տեղաբնիկների մոտ։ Վերջիններս ակնկալում են, որ դրական փոփոխությունները Սանահին էլ կհասնեն՝ վերանորոգելով և ասֆալտապատելով քարուքանդ ճանապարհները։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ