Երկար տարիներ երևանյան մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղված Նիկոլայ Դավթյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին ներկայացրել է նախագծեր պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի «Սուրմալու» («Սուրբ Մարի») կայարանի ու առհասարակ մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ:

Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև հայտնվելիք «Սուրմալու» նոր կայարանը հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցն ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով՝ նպաստելով նաև տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը: Հընթացս նկատենք, որ այժմյան գործող կայարաններով պակասել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորատարությունը, իսկ նոր կայարանների շինարարությունը կապված է ֆինանսական հսկայական ծախսերի հետ:

Արմեն Ղուլարյանն առաջարկել է Նիկոլ Դավթյանին՝ քննարկում կազմակերպել կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ` ներկայացված նախագիծը մասնագիտական բոլոր չափորոշիչներին համապատասխան քննարկելու, ինչպես նաև ապագայում կիրառելու համար։

                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ