Ի՜նչ էիք անտեղի ձեններդ գցել գլուխներդ: Խնդրե՛մ, Սերժն է՜լ եկավ: Իր ոտո՛վ մարդը վեր կացավ, եկավ:
Ուր էր գնացե՞լ:
Հռո՛մ:
Պապի՞ն տեսնելու:
Ընդհակառակը: Պապը ինքն է: Գնացել էր թոռներին տեսնելու:
Մեկ էլ երևի մի հատ ձեռի հետ Պալերմո մտներ, տղերքին տեսներ:

Բայց, առաջի՜ն հերթին, ինքը գնացել էր, քանզի ստեղ նորից… լրի՜վ խառնվելու էր:
Բա իհարկե, միշտ էլ, որ պիտի ստեղ խառնվի, ինքն ստեղ չի լինում, լրիվ «կարևո՜ր», բայց լրիվ «անհասկանալի՜» մի գործով մի տեղ է գնացած լինում: Արդյունքում՝ ինքն էլի «հրեշտակ» է մնում: Ոնց հանց «հրեշտակ» գնացել էր, այնպես էլ հանց էրկու անգամ ավելի շա՜տ «հրեշտակ» վերադառնում է, երբ ստեղ ամեն բան արդեն ավարտվում է:
Այո՝, լրիվ «ջի՛նջ» ու չարած արգահատելի ոչի՛նչ՝ վերադառնում է ի՜նքը՝ ամենայն հայոց «Շառից միշտ հեռո՜ւն», Ամենից տեղյակ «բանից անտեղյակը»:
Եկել է ու, բնականաբար, հարգարժան ԱԱԾ-ն էլ հազար հարց ունի, և ուստի, խնդրե՛մ, շատ կուլտուրակա՜ն, շատ քաղաքավարի՜ ուզում է ողջունել էս «հրեշտակ» մարդուն ու, զուտ հետաքրքրությունից դրդված, առանց հետին մտքի նրան հարցնել`
-որտեղի՛ց Սարգսյան գերդաստանին էդքան փող, որ չծնված թոռներն էլ անգամ արդեն մի-մի միլիոնատեր են` անկախ նրանց վերջնական թվից,
-ողջ գերդաստանով բեռնատարներով որ էդքան փող էին կրում, էդ փողն ո՞ւմ փողն էր,
-կարելի՞ է վստահորեն ասել, որ գողոնը վերադարձվելու է իր օրինական տիրոջը՝ ժողովրդին կամ մոտ է վերադարձվելուն ու էստեղ որքա՞նն է Սերժի մասնաբաժինը:
Ակնհայտ փաստ է, որ Սարգսյանները, ողջ գերդաստանով, նվազագույնը տասը տարի շարունակ, պատկերավոր ասած, մուրաբա էին եփում: Հաստա՞տ եք համոզված, որ դրանք մուրաբի քաղցր քափն ու փրփուրը չքաշեցին-տվեցին մարդկանց, որ երեխու պես ուրախանային ու ուրախությունից բուն մուրաբի մասին լրիվ մոռանային: Ընդ որում՝ էս հարցը արդեն ոչ թե ուղղում ենք միայն Սերժին ու իր ազգուտակին, այլև հենց քեզ, ով մեծապատի՜վ ՀՀ ԱԱԾ: «Քննության գաղտնիքը»՝ «քննության գաղտնիք», բայց բանից լրի՜վ անտեղյակ ժողովուրդը ախր մանրի՜ց դառնում է նորից… թամաշա: Չե՞ք բացատրի, թե դրանք՝ «Դոն»-Սերժոն ու իր «Սանչո Պանսա»-Վաչոն, գերդաստանո՛վ, ի՜նչ երթևեկություն են աշխարհով մեկ անում: Տպավորություն էլ չէ, արդեն կայացած փաստ է, որ Սերժը դարձել է Կոլումբոսը, ախպոր տղեն՝ Մագելանը, Սաշիկն էլ ուզում էր Կոնյուխովը դառնալ, տվիք, մուրազը փորումը թողիք: Սաշիկինը՝ հա՛, հասկացանք; Բա էն մյուսների՞ն ինչո՛ւ եք թողնում՝ գնան, ինչո՛ւ եք հետո իրենց կանչում, որ գան: Լուսնո՞տ են… ցեղով, թե՞ տուրիստ՝ հոգով:

Թե՞ մուկն ու կատու եք դրանց հետ խաղում:

Լուսնոտը՝ չգիտեմ, սակայն դեռ երեկ իրենց ողջ ցեղով իրե՜նք էին մարդկանց տկարամիտի տեղ դրել: Վկան բեռնատարներով դրանց կրած փողն էր: Վկան նարկոբարոն դառնալու դրանց հաշշաքաշ տղու ամբիցիան էր: Վկան դրա՛նց ու դրանց տան թիկնապահի՛ ընտանյոք հանդերձ արած երթևեկությունն էր: Էդ ինչքա՞ն հանճարեղ ընտանիք էր, որ մի ողջ ժողովուրդ դրել թալանում էր, դուք չէիք նկատում: Կամ էդ ի՞նչ «տոլեռանտ» ձեռներեցներ ունեինք, որ Սաշիկի պես փքված խորոզի 50-50 «կրեդոյին» էդքան անվերապահ ու սո՜ւս հնազանդվում էին: Հա՛, դեմ չե՛մ, հիմա ձեռներեցնե՛րն էլ վերանայեցին իրենց պահվածքը, դո՛ւք էլ, ՀՀ ԱԱԾ մերօրյա՛ հերոսներ: Հրաշալի՛ է: Բայց թե ելք գտեք, դրանց երթևեկությո՜ւնն էլ մի կերպ դադարեցրե՛ք. մարդկանց նյարդերի վրա է ազդում, աչքերը շաղվում են: Դադարեցրե՛ք դրանց շուրջերկրյա անվտանգ երթևեկության եռամսյակը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ