Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին:

Այսօր՝ օգոստոսի 10-ին, 3 մ սինքրոն ոստնակացատկում հանդես է գալու Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը, իսկ օգոստոսի 12-ին մրցահարթակ դուրս կգան Լև Սարգսյանը և Վարդան Բայանդուրյանը (10 մ աշտարակացատկ):

Ջրացատկի ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, Լև Սարգսյան, Վարդան Բայանդուրյան կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ: Հուսանք, որ մեր մյուս պատվիրակների մրցելույթները նույնպես ուրախաբեր կլինեն, իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվականն էլ մեզ հաճելի լուրերով հաճախակի կուրախացնի: