ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ,
Նպաստների համակարգը, դրա նպատակն ու հասցեականությունը վերանայելն ու ճշգրտելն այլընտրանք չունի: Գիտեք, որ այս օրերին չարաշահումների բացահայտման ուղղությամբ ջանք չենք խնայում, որը տալիս է իր արդյունքները։ Մեր համաքաղաքացիների դերակատարումը այս բացահայտումների մասով անգնահատելի է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է շարունակական ուշադրության կենտրոնում պահել հասցեականության բարձրացումը։ Միայն այն ցուցանիշը, որ համակարգում ընդգրկվածներից մոտ 12-15% չպետք է ներառված լինեին, ապացուցում է, որ հասցեականության մեխանիզմները իրենց հերթին բավարար չեն:

Մինչև համակարգի արմատական բարեփոխումն անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կնպաստեն հասցեականության բարձրացմանը։ Այդ նպատակին է ուղղված վարկային, պատմության և ավանդների մասին պահանջվող նոր փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նպաստը ուղղել դրա կարիքը ունեցող իրական խոցելի խմբերին: Հետևաբար, ինչպես տեղյակ եք, օգոստոսի 7-ից նպաստների համար դիմող կամ փաստագրվող ընտանիքը պետք է ներկայացնի երկու նոր տեղեկանք`

-ԱՌՔԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին,

-հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին):

ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ`

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ կարևորելով իրենց սոցիալական պատասխանատվությունը, պատրաստ են իրենց մասնաճյուղերի միջոցով ԱՆՎՃԱՐ քաղաքացիներին տրամադրել ԱՌՔԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքը (ԶԵԿՈՒՅՑ ՓԱՐՈՍ ծրագիր):

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԱՌՔԱ վարկային բյուրոյի տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ միջինում 10-15 րոպեում: Օրենքի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք ունեն նաև տարին մեկ անգամ ԱՌՔԱ վարկային բյուրոյից անվճար ստանալ իրենց վերաբերյալ ամբողջական վարկային զեկույց:

Կարևորելով նպաստների հասցեականության գործում նոր կարգի կիրառման դերը՝ միաժամանակ նախարարությունը մշակում է քայլեր նոր կարգի կիրառումը դյուրացնելու և ավտոմատացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով մոտ ապագայում քաղաքացիների համաձայնությամբ ստանալ այդ տեղեկատվությունը առանց քաղաքացիներից լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:

Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 114 թեժ գիծ կամ նախարարության սոցիալական աջակցության վարչություն 010 56 42 10 հեռախոսահամարով:

Տեղեկացնում ենք նաև, որ նախարարությունն ակնկալում է կարգի կիրառման ընթացքում ծագած անհարմարությունների վերաբերյալ քաղաքացիների արձագանքներն ու ահազանգները։ Դրանք կօգնեն ոչ միայն խնդիրներին արագ լուծում տալու, այլև կօգտագործվեն կարգի բարեփոխման նպատակով: Շնորհակալ ենք համագործակցության համար, ապավինում ենք ձեր աջակցությանը՝ նպաստների համակարգը առավել հասցեական դարձնելու գործում»: