«Սանիթեքին» ուղղված դիմում-բողոքների թիվն օրի օրի ավելանում է, քաղաքն էլ շարունակում է աղբի մեջ կորել։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնում է, որ մոտ 20 օր առաջ ինքը ևս այցելել է «Սանիթեք» ընկերություն և անձամբ խոսել տնօրենի հետ. «Այն ժամանակ ընկերության ղեկավարությունն ինձ խոստացավ, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի, քանի որ պատվիրել են 8 նոր աղբատար մեքենա, սակայն արդեն 20 օր է անցել, իսկ խնդրին ամբողջական լուծում չի տրվել»:

Այս անգամ փորձել են հասկանալ՝ ինչից է գալիս խնդիրը և ինչպես կարելի է կառուցվածքը փոխել, որպեսզի քաղաքում աղբահանություն և սանմաքրում իրականացնող որևէ մասնավոր կազմակերպություն նման խնդրի առաջ չկանգնի:

«Լուծումը թաքնված է եղել դեռևս 4 տարի առաջ «Սանիթեքի» հետ կատարված գործարքում, որի արդյունքը մենք տեսնում ենք այսօր: Այն ժամանակ, երբ քաղաքում պետք է փոխվեին աղբահանության և սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու մասի, այդ երկու մասերի համար հայտարարել մրցույթ և հանձնել երկու շահագործող օպերատորի, որոնցից մեկը եղել է «Սանիթեքը», մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպեսզի քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները իրականացներ երկու կազմակերպություն: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ: Իսկ այդ երկուսի մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք, թե որ մեկն է ոչ պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները», -նշում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանի խոսքով՝ կա երկու կնքված պայմանագիր: «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիթեք» կազմակերպության հետ, որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիթեք Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը»:

Խաժակյանն առաջարկում է խզել այդ պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ: Ասում է՝ այդպիսով «Սանիթեքից» կվերցնեն մենաշնորհը և կապահովեն մրցակցային դաշտ: Այս առաջարկը պատրաստվում են ներառել իրենց նախընտրական ծրագրում, քանի որ գործող քաղաքային իշխանությունը, որն ամիսներ անց չի լինելու, դժվար թե կարողանա այն կյանքի կոչել: Իսկ թե մինչ այդ ինչպես պետք է դիմակայենք աղբի հսկայական կուտակումներին, դեռ հարց է և դեռ չլուծված։

                                                                                                Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ