2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ով ինչ վերլուծություն ու տեսակետ գիտեր, ասեց, չգիտենալու դեպքում էլ հորինեց։ Սակայն մինչև այժմ շարունակում է լռել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը քանիցս հանդես եկավ ծավալուն հոդվածներով։

Սակայն մարտի մեկի գործով հիմա, առավել քան երբևէ, շատերը հենց նրա խոսքին են սպասում։ Չէ՞ որ Քոչարյանն իր՝ վերջերս տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանին մեղադրեց բանակը իրադարձություններում ներգրավելու մեջ: Բացի այդ մարտի 1-ով ավարտվեց նաև Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակաշրջանը։ Թերևս շատերը կցանկանան լսել՝ ինչ դիրքորոշում ունի Հայաստանի առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այս հարցի վերաբերյալ ասել է, թե Տեր-Պետրոսյանը խոսում է, երբ ասելիք ունի. «Նա երբեք չի լռել: Հենց ունենում է ասելիք, անպայման դրա մասին խոսում է: Մենք Կոնգրեսով բազմիցս խոսել ենք այդ հարցերի վերաբերյալ, նաեւ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքների մասին, եւ դա նաեւ արտացոլում է նախագահի մոտեցումը: Իսկ Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի»: