«Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը», -facebook-յան իր էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Կոռուպցիայի, կեղծ գործարքների և բազմապիսի խարդավանքների շնորհիվ վերջին 30 տարում մի քանի տասնյակ պաշտոնյաներ շարքային քաղաքացիներից վերածվեցին միլիոնատերերի ու միլիարդատերերի՝ երկիրը հասցնելով ծայրահեղ աղքատության։ Ու արտաքին պարտքի տակ ճռռացող Հայաստանում մեկը մյուսի ետևից հայտնվեցին մեծահարուստներ, ովքեր իրենց կուտակած միլիոններն այլևս չէին կարողանում պարտակել մի բռաչափ մայր հողում և սկսեցին փնտրել բանկային կայունությամբ աչքի ընկնող այլ երկրներ, որ ավելի հուսալի էին ու գրավիչ։ Ուստի նրանցից յուրաքանչյուրը գտավ իր ուղին դիզածը երկրից դուրս բերելու ու յոթ սարից անդին պահելու համար։ Սակայն հատուկ ագահությամբ ու որկրամոլությամբ տառապողների ախորժակը զսպելու համար Համաշխարհային բանկի և UNODC-ի կողմից ստեղծվել է Stolen Asset Recovery Initiative-ը, որի օգնությանն էլ դիմել է մեր նորանշանակ կառավարությունը՝ թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու ակնկալիքով։ Համոզված եմ, որ այսուհետ հայությունը, շունչը պահած, սպասելու է այս նախաձեռնության բարեհաջող ավարտին։ Այնպես որ թալանչիների քեֆը հարամվելու է, քանզի գալիս է կերածը մարսելու ծանր ժամանակը:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ