Վերջին երկու ամսվա ընթացքում չարաշահումների մասին բացահայտումներն այնքան են հաճախակիացել, որ օրվա լրահոսում դժվար է գտնել քրեական օրենսգիրքը չվկայակոչող պաշտոնական հաղորդագրություններ։ Մարդկանց աչքն ու ականջն այնքան է սովորել հետաքննական մարմիններից ստացված նյութերին, որ եթե մի օր հանկարծ որևէ աղմկահարույց բացահայտում չի լինում, զարմանում են։

Բնականաբար, հասարակությունը հաճույք չի ստանում՝ իմանալով, թե հերթական անգամ ով և որքան է գողացել իր հասանելիքից կամ ինչպես է խաբել իրեն, բայց տեղի ունեցածի բացահայտումը որքան էլ որ խաբվածության ու կեղեքվածության զգացողությունն է ամրապնդում, ինչ-որ չափով էլ հովացնում է մարդկանց փոթորկված հոգիները։ Այդ ամենով հանդերձ, լինում են դեպքեր, երբ քննության արդյունքները մարդկային ուղեղի մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում. այս համատեքստում է ԱԱԾ-ի երեկվա բացահայտումը՝ կապված ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած 10 առևտրային ընկերությունների ստանձնած, բայց չկատարած պարտականությունների հետ։

Հիշեցնենք, որ քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

Ճիշտ է, թե կոնկրետ որքան վնաս է պատճառվել պետությանը, դեռ պետք է ճշտվի, անօրինական գործարքների մեջ ներքաշված անձանց ևս դեռ բացահայտել է պետք, բայց որ առանձնապես խոշոր չափերով յուրացում է եղել, ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը փաստացի ապացույցներ է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչություն։

Առհասարակ, բանակի, զինվորի հետ առնչվող ցանկացած թեմա այնքան զգայական է, որ անկախ նրանից, թե ով և որքան է գողացել պաշտպանական գերատեսչությանը հասանելիքից, գամվում է անարգանքի սյունին։ Եթե հասարակությանը տրվեր արդարադատություն իրականացնելու իրավունքը, ապա կարող ենք վստահորեն ասել, որ նա նույն արարքի համար ամենախիստ պատիժը կտար զինվորի բաժնից գողացողին։ Ու դա, թերևս, արդարացի արդարադատություն կլիներ։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ