Հայաստանի կենդանիների պաշտպանները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժը: «Դինգո թիմ» ԲԸ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված տուգանքները նվազագույն են եւ կենդանիներին չեն կարող պաշտպանել դաժանության դրսեւորումներից: Համաձայն վարչական իրավախախտումների օրենսգրքի 92-րդ հոդվածի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգման եւ սպանության համար տուգանք է նշանակվում ֆիզիկական անձանց համար նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 80-100-ապատիկի չափով:

Կենդանիների պաշտպանների կարծիքով՝ անթույլատրելի է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվության բացակայությունը:

«Դինգո թիմի» ներկայացուցիչները վերջին շրջանում կենդանիներին դաժան վերաբերվելու մի քանի ահազանգ են ստացել: Օրինակ՝ Ճամբարակ գյուղի բնակիչը զվարճանում էր իր շներին մեքենային կապելով եւ ճանապարհներով երթեւեկելով: Նման կասկածելի «զվարճության» արդյունքն էին կենդանիների մոտ բազմաթիվ կոտրվածքները: «Սակայն հաշվի առնելով, որ նա գործազուրկ էր, տուգանքի գումարը կազմեց 5-10 հազար դրամ, -նշել է Հովսեփյանը: -Մենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք մշակել, որի համաձայն նախատեսվում է բազմապատիկ մեծացնել տուգանքները, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն սահմանել կենդանիներին դաժան վերաբերվելու համար», -հավելել է նա:

Հովսեփյանը տեղեկացրել է նաև, որ այդ լրացումներն ուղղված են նաեւ իրավիճակի կարգավորմանը, երբ տերերն ուղղակի փողոց են նետում ձանձրացրած ձեռնասուններին: Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խոսքն անգամ թանկարժեք ցեղատեսակների մասին է, որոնց արժեքը մի քանի հազար դոլար է կազմում: «Կարճ ժամանակահատվածում մենք մայրաքաղաքի փողոցներում գտել ենք հասկի ցեղատեսակի 8 շուն եւ 3 բենգալյան կատու: Ցավոք, ոմանք տնային կենդանիներ են սկսում պահել նորաձեւությանը հետեւելով եւ չեն ցանկանում նրանց համար պատասխանատվություն կրել», -շեշտել է ղեկավարը: