Այս խոսք-մտքի հեղինակը Ք.ա.1-ին դարի հռոմեացի մտածող Պուբլիլիոս Սիրիոսին է։ Դարերի միջով անցած-իմաստավորված այս միտք-գնահատականով կարելի է որակել նաև մի շարք հանցանք-հանցագործություններ գործած ռ․ քոչարյանի կալանքի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ դատախազություն ներկայացրած ՀՀ և Արցախի ազգային ժողովների մի խումբ պատգամավորների միջնորդությունները (իրենց իրավունք է և իրենց իմացածը)։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ Հովնաննես Թումանյանի Ավ․ Իսահակյանին հղած մի նամակի տողերի բնորոշմամբ «մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ են, եւ չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եւ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ։ Բայց ես ինչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»: Կամ էլ Դերենիկ Դեմիրճյանի «Հայի» բնորոշմամբ «․․․Ուրեմն, իր պետությունն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել՝ ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու»։

Կարծում եմ սա է այդ պատգամավորների (և ոչ միայն նրանց), բարոյական-պաշտոնական կերպարը։ Փաստենք նաև այն հանգամանքը, որ ռ․ քոչարյանի և նրա նման այլ հանցագործների դեպքերը շատ դժվար է ներման արժանացնելը։ Քանզի այսպիսի դեպքերում ներելն ավելի դժվար է, քան դատապարտելը։ Ի միջի այլոց նշենք, որ վերոնշյալ պատգամավորներն ամենևին այդպիսի ջանք ու եռանդ չցուցաբերեցին, երբ կալանավորվեց և ապա վախճանվեց Արցախին բազմամիլիոնների հասնող բարեգործություններ կատարած բարերար Լևոն Հայրապետյանի նկատմամբ։ Ամոթ, և հազա՜ր ամոթ․.․

Հիշենք նաև արևմտահայ բանաստեղծ Պեշիկթաշլյանի մարգարեական խոսքերը․ «Երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր մէջի հերոսը ու վախկոտին հետ քաջաբար շուկայ կ’իջնէ` գրաւելո՛ւ համար Ոսկեբերդ մը․․․․հայը, երբ կուսակցական է, կը ճառէ ազատութենէ, երբ չեզոք է, կը խօսի միութենէ: Իբր մարդ՝ անիշխանական է, իբր Հայ՝ ազգայնական: Անգամ մը, որ տիրանայ իր հայրենիքին, կրկին անիշխանական կը դառնա»։

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ