«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները վճռական են տրամադրված և պատրաստ են պայքարել այնքան, մինչև իրենց ձայնը լսելի դառնա և վերջնական լուծում ստանա:

hetq.am-ը հրապարակել է երկաթուղայինների կողմից գրված նամակն ամբողջությամբ՝ ուղղված ընկերության ղեկավարությանը և Ռուսաստանի իրավապահներին։ Հիշեցնենք, որ սա արդեն թվով 2-րդ նամակն է, իսկ 1-ին նամակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար մենք դիմել էինք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներին։ Վերջիններս պատասխանել էին, որ նամակը գրվել էր աշխատանքից հեռացված երկաթուղայինների կողմից, և հնչեցված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Ուշագրավ է, որ 2-րդ նամակում աշխատակիցները հստակեցնում են՝ «Նամակի տակ մենք երկաթուղայիններս չենք ստորագրում և չենք նշում մեր անուն ազգանունները, քանի որ այս նամակի հրապարակումից հետո գիտենք, որ մեկ ամիս էլ չենք աշխատի մեր հարազատ երկաթուղում»: Կարելի է ենթադրել, որ երկու նամակներն էլ գրվել են երկաթուղու ապագայով մտահոգված սրտացավ մասնագետների կողմից և պետք է բացառել զրպարտության վարկածը:

Նամակի առանցքում՝ տարիներ շարունակ իրականացվող կադրային ջարդն է, որի հետևանքով երկաթուղում գրեթե չեն մնացել բարձր պրոֆեսիոնալներ, անգամ՝ սովորական մասնագետներ։ Ավելին՝ հարազատ-բարեկամին գործի տեղավորելու սկզբունքով երկաթուղում են հայտնվել ոստիկանության և ԱԱԾ-ից զորացրված և կենսաթոշակի անցած «մասնագետներ», ռուս երկաթուղայինների կանայք ու սիրուհիներ, ովքեր միլիոնավոր դրամներ են ստանում իսկական արհեստավարժ մասնագետների աշխատավարձերի հաշվին:

Նախկին իշխանությունների «դաբրոն» ստանալով՝ երկաթուղու ղեկավարությունն անկաշկանդ թալանել և գռփել է ներդրումային գումարները, որ Ռուսաստանը պետք է ներդներ երկաթուղու զարգացման համար։ Կեղծ գործարքների և հայտարարված տենդերների միջոցով հսկայական գումարներ են շորթվել երկաթուղուց, իսկ գնացքի վագոնները մետաղի ջարդոնի տեղ վաճառվել են՝ չփոխարինվելով նորերով:

Նամակում մանրամասն ներկայացված է իրենց պաշտոնական դիրքը չարաշահող պաշտոնյաների անունները, նրանց կողմից կատարված թալանն ու յուրացումները:

Նամակագիրները լիահույս են, որ թալանի բոլոր պատասխանատուները ի վերջո հայտնվելու են դատարանում, քանի որ իրենք շարունակելու են պաքարել հանուն երկաթուղու ապագայի: