ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվող ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում հստակեցվում է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը: Որպես մեղադրյալ է ներգրավվել 21 անձ, որից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ: Իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև մեխանիզմը:

Քննության տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։ Նախնական տվյալներով` պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.160.000 մլն. ՀՀ դրամ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ: Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել 21 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 15-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Մեղադրյալներից 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հուլիսի 25-ին

հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Օգոստոսի 9-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.740.000 ՀՀ դրամ։ Հետախուզման մեջ գտնվող Ա.Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է: