Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում հարցազրույցներ անցկացնել պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Թե ինչու մեկ շաբաթ առաջ նման սահմանափակում չկար, իսկ հիմա որոշվեց մտցնել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը փորձեց պարզաբանել. «Շենքի պահպանության ռեժիմն օրենքով չի որոշվում, դա որոշում է շենքի անվտանգության ծառայությունը, վերջինն էլ հատուկ քննարկումից հետո այդպիսի որոշում է կայացրել։ Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»:

Նոր կարգի բացարձակ պահպանումը քանի որ դժվար է պատկերացնել, փոխզիջումային տարբերակ ընտրվեց. հնարավորություն կտրվի հարցազրույցներ կազմակերպել Կառավարության նիստին ներկա այն պաշտոնյաների հետ, ովքեր այդ օրը հատուկ հետաքրքրություն կներկայացնեն։ Ձեռքբերված պայմանավորվածությունը հենց այսօր էլ ուժի մեջ մտավ. լրագրողները հնարավորություն ունեցան զրուցելու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ:

Ընդունելով, որ ցանկացած օրենք ունենում է բացառություններ՝ չմոռանանք, որ կան դեպքեր, երբ բացառություններն իմաստազրկում են ամբողջ օրենքը։ Ամեն դեպքում, հարցական մնաց, թե ինչու հենց հիմա նման որոշում կայացվեց, և եթե կա անվտանգության հարց, ապա երաշխիքները մասնակի ապահովելով, լուծվո՞ւմ է այն, թե՞ ոչ:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ