ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ ներդրումներ անելու ցանկություն հայտնողների բանակ է ձևավորվել: Նա խոստացել է առաջիկայում ներկայացնել, թե բիզնես դաշտում ներդրումային հետաքրքրությունների և բարեփոխումների ճանապարհային քարտեզը ինչպես է մեծացել ներդրումային ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե արդյո՞ք զբոսաշրջության աճ կա, Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ կիսամյակի տվյալներով աճը կազմել է 12% և որ աշնանային շրջանում սպասում են ավելի մեծ աճ: Նա նկատել է նաև, որ էթնո, էկոտուրիզմին գումարվել է նոր Հայաստանը տեսնելու տուրիզմը:

Ն.Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն՝ սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող որևէ վտանգի ենթարկվել՝ պայմանով, որ այն օրինական է: Վարչապետը շեշտել է նաև, որ ցանկացած ներդրում և ներդրող ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից որևէ մակարդակում, իսկ եթե հանկարծ դա լինի, իրավապահների և կառավարության խնդիրն է՝ լուծել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր փորձում են որևէ կոռուպցիոն պարտավորություն ձևավորել: Վարչապետը խոստովանել է, որ այս պահին բիզնեսի և կառավարության երկխոսության խողովակները դեռևս լիարժեք չեն ստեղծվել և գործարկվել, բայց պետք է ստեղծվեն: Փաշինյանը ընդգծել է այս աշխատանքի քարոզչությունը և կարևորությունը մանավանդմեր օրերում:

Ըստ նրա՝ տարիներ շարունակ խոսվել է, որ շուկաները սահմանափակ են, որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ-որ մարդու դաբրո: «Այսօր այս բոլոր խոչընդոտները վերացված են, և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության, մտքի դաշտ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և մեր հայրենակիցներին արտերկրի և ցանկացած պոտենցիալ ներդրողի ես ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը՝ ՀՀ-ն մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների: Եվ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր այս դաշտը հավասար հնարավորությունների դաշտ ապահովի: Այնպես որ, արձանագրված ցուցանիշներին մենք հույս ունենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել էինք: Խոսքը ներառական տնտեսական աճի մասին է, որը իրենց վրա զգան հնարավոր մեծ թվով մարդիկ, ի վերջո, ՀՀ բոլոր քաղաքացիները», -հավելել է վարչապետը:

                                                                                                Սոնա ԳԻՇՅԱՆ