«Օուշենի 11 ընկերները» ֆիլմում Օուշենն էր «բերդից» կողոպուտ կազմակերպում իր ընտրած «բարեկամների» ձեռքով, մեր օրերում ՀՀ երկրորդ նախագահը՝ «Քոուչեն»-Քոչարյանն է ՀՀ ԱԺ-ն ուզում «կողոպտել»՝ իր «անձնական օգտագործման» պատգամավորների ձեռքով:

Մինչ ՀՔԾ-ն կհրապարակեր «Քոուչենի» 46 «բարեկամների» ցանկը, մենք այն հրապարակեցինք.
-42 հհկ-ական,
-3 հյդ-ական,
-1 բհկ-ական:

Ուշադրություն դարձրի՞ք ընդգծումներիս: Բանն այն է, որ, ըստ իս, մեր «Քոուչենը» միայն կողոպուտով չի ուզում բավարարվել: Այո՛, տվյալ դեպքում «ական»-ը ոչ միայն վերջածանցի, այլև արմատի դեր է կատարում, այլև հենց ականի՛ դեր է կատարում` դրված խաղաղ ճանապարհով իշխանափոխության գործընթացի տակ:

Ականի գլխավոր կոնստրուկտորն ինքը սույն «Քոուչենն» է, և ականի պատրաստման տեխնոլոգիայի «փաստաթղթերը» «հույժ գաղտնի» «գրիֆով» սույն «Քոուչենի» «արխիվում» են պահվում: Ըստ այդմ, սիրելի՛ ժողովուրդ, մեզ մնում է մի բան. ձգտել առավելագույնս տեղեկանալու այդ «տեխնոլոգիայի» մանրամասներին:

Մի բան էլ մնում է ՀՀ ԱԱԾ-ին. այդ հարցում առավելագույնս օգնել մեզ՝ հանրությանը: Բացահայտված գաղտնիքը դադարում է վտանգավոր լինելուց, գաղտնիքի բացահայտումը վնասազերծում է այդ «ականները», որոնցով ՀՀ երկրորդ նախագահը, հանց «գորշ կարդինալ», անգամ ճաղերի հետևից շարունակում է շուրջն ահ ու սարսափ սփռել:

Ինչ վերաբերում «Քոուչենի» այդ 46 «ականապատված բարեկամներին», ապա եկե՛ք նրանց համար մի գաղտնիք էլ բացենք.
-Մեր «սապյոռ-սակրավորները» հենց մեկուսացրին ձեզ, ձեզ հագցրած էդ «ականապատ ժիլետների» պայթյուններից ձեզնից զատ ոչ ոք չի «պայթի» ու «հօդս ցնդի»: Ավելի լավ է՝ սեփական կամքով էդ «ժիլետներդ» հանեք, ձեզնից թոթափեք ու թույլ տաք՝ «մասնագետները» դրանք վնասազերծեն: Փրկության ուրիշ դուռ ձեզ համար չկա:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ