Զբոսաշրջիկների սիրելի վայր համարվող Մարմարաշենի վանական համալիրը, որը գտնվում է Շիրակի մարզում և կառուցվել է դեռևս 988-1029 թվականներին Վահրամ Պահլավունի իշխանի օրոք, այսօր խոնավությունից քարաթափվում ու քայքայվում է։

Հնարավոր պատճառներից մասնագետները նշում են սողանքային գոտում գտնվելը, հոսող գրունտային ջրերի մակարդակի բարձր լինելը, 100 մետր հեռավորության վրա կառուցված ՀԷԿ-ը, արտաքին ջրահեռացման համակարգ չունենալը, որի պատճառով անձրևաջրերն ու ձյունը ներթափանցում են՝ քայքայելով հիմքերը։

Սակայն Շիրակի մարզային երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը բոլորովին այլ պատճառ առաջ քաշեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ հանդիպման ժամանակ։ Ասում է՝ մեղավորը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանն է, ով փորձել է լավ գործ անել վանքի պահպանության համար. «Տարիներ առաջ մեր հարգելի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտածողությամբ լավ բան անելով՝ ինքնակամ, առանց որևէ մեկին տեղյակ պահելու Մարմաշենի վանքի գմբեթին դրել է եվրոպատուհաններ։ Եթե նայեք Մարմաշենի վանքին, վանքի պատերը ներքևում չոր են, թաց չեն, եթե այդքան գնացել եք, նկարել եք, անհանգստացած եք, դա պետք է նկատած լինեիք։ Խոնավությունը հիմնականում վերևի մասում է, ինչի՞, որովհետև հերմետիկ փակած լուսամուտներն իբր արվել են աղավնիների չմտնելու համար, օդափոխություն չեն ապահովում, և ամբողջ խոնավությունը գոլորշացման հետևանքով կուտակվում է ներսում»:

 Համազասպ Խաչատրյանը որպես լուծում առաջարկեց պատուհանները հանել ու բաց ցանցով փակել, որ աղավնիները չմտնեն։ Նա վստահեցրեց՝ եթե այնտեղ օդափոխություն լինի՝ անկախ նրանից վանքի դռները բաց են, թե փակ, այդ ամբողջ կառույցը կսկսի չորանալ: