Փաշինյանի կառավարությունում պորտֆելներ ունեցող ՀՅԴ-ն չի ուզում հրաժարվել նաև «Քոչարյան» կոչվող «պորտֆելից», որը «իքս» ժամին ու «իքս» րոպեին կարող է դառնալ Ռիխտերի սանդղակի նախանձը շարժող գործոն: Բա իհա՜րկե. քանի դեռ չի ժխտվել Ալբերտ Էյնշտեյնի մոգոնած ու Արմեն Սարգսյանի լա՜վ սերտած հարաբերականության տեսությունը, չի ժխտվում նաև այդ հեռանկարը: Իսկ «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսատեր ՀՅԴ-ն չի ուզում հրաժարվել նաև «Քոչարյան» կոչվող «պորտֆելից», որովհետև այդ «պորտֆելի» ներսում «հույժ գաղտնի» «գրիֆով» նե՜նց արխիվ ու փաստաթղթեր են պահվում, որ ավելի լավ է էդ «պորտֆելը» չկորցնես, քանզի այս պարագայում «պորտֆելի» մեջ նաև իրենց «սեփական գլուխն» է պահվում:

Ինչևէ: Դաշնակցության սույն պահվածքից Փաշինյանը տարակուսած է, Ռոստոմյանը երկրում չէ:

Ռոստոմյանի պարագայում, առաջին հայացքից, ամեն բան ակնհայտ է. մարդը երկրում չէ (թեպետ, ո՜վ ՀՅԴ գերագո՜ւյն, բայց քցիպ մարմին, էդ մարդուն ընչի՞ մի հատ գոնե հին «վիպուսկի» հեռախոս չեք առնում):

Այ ՀՀԿ-ի՜ պարագայում է, որ հարցեր են ծագում:

Հաստատ չեք մոռացել, որ նոր կառավարություն ձևավորելու շեմին Նիկոլ Փաշինյանի թիմը դաշինք կնքեց ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ: Հաստատ չեք մոռացել նաև, որ հանուն իր «հոգեդարձի՛» էր, որ ՀՀԿ-ն գնաց «զոհաբերության», զիջեց, և ընտրվեց նոր վարչապետ: Նոր վարչապետը նոր կառավարություն կազմեց՝ չմոռանալով ներգրավել այդտեղ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Եւ ուստի այդ պահից ի վեր «հին ընկերները» վերապրոֆիլավորվեցին «նոր ընկերների», քանզի նոր ընկերներ գտան: Բա իհարհե, եթե նոր ընկեր ես գտնում, ապա էդ նոր ընկերոջ համար դու էլ ես դառնում… «նոր ընկեր»:

Եւ ուրեմն ՀՅԴ-ն, որ հետևողական լինի, իրեն այսօր նոր կարգախոս է պետք. առաջարկում ենք «Նոր ընկերները ևս չեն դավաճանում»: Բայց դա չի նշանակում, որ նոր կարգախոսը դնելով շրջանառության մեջ՝ հինը մոռանում ես: Արդյունքում՝ ստացվում է, որ «Հին ընկերները նոր ընկերներ ճարելի՛ս անգամ չեն դավաճանում հին ընկերներին», քանզի հին ընկերները հին ընկերների հետ հին հաշիվներ ունեն: Ու այդ հին հաշիվները նաև… շատ ահասարսուռ հին հիշողություններ են այսօր «արթնացնում»:

Հնարավոր է կարգախոսի մեկ այլ տարբերակ էլ. «Հին ընկերները ոչ սրա՛նց են դավաճանում, ոչ նրա՛նց»: Ասել է թե սրա՛նց հետ կապում են իրենց ապագան, նրա՛նց հետ կապված են ունեցած անցյալով, ընդ որում՝ կապված են ոչ թե թելերո՜վ, այլ ճոպանուղու պողպատյա ճոպաններո՜վ: Եւ ուստի գահավիժելը ճակատագրական կլինի… երկուստե՛ք:

Բայց եթե «Քոչարյան» անունով էդ «պորտֆելն» էդքան թանկ է ՀՅԴ-ի համար, ուրեմն դեմքը պահպանելու համար՝ ստորագրահավաքին մասնակցելուց հետո երկրո՛րդ «հետևողական» քայլն է հարկավոր անել. կառավարությունում ունեցած իրենց պորտֆելնե՛րը հանձնել…

Կա՛մ-կա՛մ. կամ է՛դ պորտֆելները, կամ է՛ն «պորտֆելը», որտեղ «գլուխ կա թաքցված»

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ