Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի երեկվա նիստին օրակարգային երեք հարցերից մեկը դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգին էր վերաբերում։ Պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես և ընդունված է, շատ քիչ ինֆորմացիա է տալիս քննարկումների առանցքային մասի վերաբերյալ։ Մեր առանձացրած հարցի մասով միայն ասվում է հետևյալը. «Անդրադառնալով Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգի լրամշակման աշխատանքներին և կազմակերպվող հանրային քննարկումներին`ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը նշեց հետաձգման պատճառները, և խորհրդի անդամներին առաջարկեց մասնակցել նոր կարգի մշակմանը, հաջորդ տարի ներդրումը սահուն իրականացնելու համար»:

Երբ որոշվեց հետաձգել դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգը, նման որոշման հանգելու պատճառների մեջ առաջինը նշվեց հասարակության իրազեկվածության պակասը ու, հետևաբար, կարևորվեց հանրային իրազեկման արշավների անհապաղ կազմակերպումը։ Այն ակտիվությունն ու ոգևորությունը, որ կային այդ օրերին, հույս էին ներշնչում, որ ի վերջո մշակված քաղաքականությունը նույն կերպ էլ կյանքի կկոչվի։ Բայց ինչպես տեսանք, ոգևորությունը մի քանի օրից անցավ, իսկ իրազեկման արշավն այդպես էլ օդից կախված մնաց։ Վախենանք, հաջորդ տարի էլ ևս մեկ տարով հետաձգվի: