Գնաճը՝ հատկապես գյուղատնտեսական մթերքների մասով, քննարկումների թեմա է դարձել ոչ միայն շուկաներում ու խանութներում, այլև տաքսիներում ու սոցցանցերում։ Այսպես կոչված՝ բիզնեսի գաղտնիքներին ծանոթ մարդիկ դեռ այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց Երևան Սիթիում, կանխատեսում էին, որ բոլոր՝ այդ թվում և գյուղմթերքները միասնական հարկային դաշտ բերելը՝ ԱԱՀ-ով հարկելը, կհանգեցնի գնաճի։

Անցանկալի կանխատեսումը երկար սպասեցնել չտվեց, չուշացան նաև տնտեսագետների գնահատականները։ Երեկ արդեն հարցին նաև վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ։«Գյուղատնտեսական որոշ ապրանքներ, որոնք ամենաճկունն են գնաճի մասով՝ կապված սեզոնայնությունից, դրանց գների փոփոխություններից, երբեմն նույնիսկ կարող է դրանց գների տատանումները էական թվալ, բայց ընդհանուր գնաճի վրա ազդեցությունը փոքր է, որևէ էական ազդեցություն չկա ի տարբերություն նախորդ իշխանությունների ժամանակահատվածի, երբ մենաշնորհի հետ կապված տեսնում էինք չհիմնավորված գների բարձրացում: Գոնե այս պահին որևէ արհեստական գնաճ գերշահույթի հաշվին այլևս չկա։ ՀՀ-ում հարկ վճարելն այլևս այլընտրանք չունի. այն պայմանավորվածությունները, որ եթե հարկ չվճարենք, ապրանքի արժեքը կնվազի, այլևս քննարկման առարկա դառնալ չեն կարող », -«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանն ասել է վարչապետի խորհրդականը:

Մեսրոպ Առաքելյանի խոսքից հստակ հասկացվում էր, որ տնտեսվարողն այլևս չի կարողանա ապրանքի գնի բարձրացմամբ «վախեցնել» որևէ մեկին։ Բայց թե ում կողմից և ինչ «զոհողությունների» գնով է ձևավորվելու ապրանքի խելքին մոտ գինը, այդպես էլ չհստակեցվեց, միայն ակնարկի ձևով հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները դիտարկվեցին՝ որպես գնային քաղաքականության կարգավորման մեխանիզմ։ Ամեն դեպքում, վարչապետի խորհրդականը համոզված է՝ ապրանքների գների երկարաժամկետ հատվածում հարկային արդարությունը բերելու է տնտեսական արդարության, իսկ վերջին վեց ամսվա ընթացքում բյուջետային մուտքերի ավելացումը, որը տեղի է ունեցել, մեծ մասամբ, վերջին երկու ամսվա հարկային վարչարարության և ստվերի կրճատման արդյունքում, ցույց են տալիս, որ ՀՀ-ում հարկ վճարելն այլընտրանք չի կարող ունենալ: Իսկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, ով անմիջապես կրում է գնային տատանումները, երևի պետք է այնքան ժամանակ դիմանա արդարացված-չարդարացված գնաճին՝ թեկուզ սեզոնային, մինչև հարկային օրենսգիրքը վերանայվի, իսկ տնտեսվարողներն էլ հասկանան, որ պետք է շարժվեն նրա տառին ու ոգուն համապատասխան:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ