Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ կատարված վերլուծության, դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, դեռևս հունիս ամսին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հանձնարարվեց մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ԱԳԼՃԿ-ներում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել դրանց շահագործումը՝ անկախ պատկանելությունից:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու՝ արդյո՞ք թերությունները վերացված են, թե՞ ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝ «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ(Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2), «Արտ Թամ» ԱԳԼՃԿ (Արտաշատի խճ. 103/2), «Լիլ Սթար» ԱԳԼՃԿ (Նորագավիթ 1-ին փ.), «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ (Գյուրջյան փողոցին հարող տարածք),  «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ (Շիրազի փող. 43), «Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ (Լուկաշինի խճ. 5), «Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ (Տիչինայի 140) «Պոդո առաջին» ԱԳԼՃԿ (Արին Բերդի 2-րդ նրբ.7/2), «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ (Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ), «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ (Սասնա Ծռեր 1/5), «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ (Գրիբոյեդով 48), «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ (Սասունցի Դավիթ փող. 87)։

Շահագործումը դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսուհետ ևս խստորեն հետևելու է ԱԳԼՃԿ-ների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը, ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից: