Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Անձնակազմի հետ հանդիպմանը նա նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված կարծրատիպային ընկալումներ՝ թե´ օբյեկտիվ, թե´ սուբյեկտիվ դրդապատճառներով: Նախարարն ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը, որի իրագործման քաղաքական կամքն ու շարժառիթը ներկայիս կառավարությունն ունի:

Այնուհետև ծանոթացել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված խցերին և տեղում քննարկել դատապարտյալների հետ նրանց հարազատների անմիջական շփումն ապահովելու նպատակով դրանց բարելավման հնարավոր տարբերակները: Շրջայցը շարունակվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Այստեղ նախարարին զեկուցվել են դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորությունները: Նախարարը եղել է նաև քրեակատարողական հիմնարկի խոհանոցում, ծանոթացել մատուցվող սննդացանկին և դրա պատրաստման պայմաններին, իսկ գրադարանում ծանոթացել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվող կրթական ծրագրերին և դատապարտյալների կողմից դրանց հաճախելիության ցուցանիշներին:

Նախարարի շրջայցը շարունակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին 2-րդ 4-րդ մասնաշենքերում, որտեղ նա տեղում ծանոթացել է բանտախցերում դատապարտյալների պահման պայմաններին, զբոսանքի տևողությանը և մի շարք այլ հարցերի: Նա նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց: