Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների միջնորդությունը։ Դատախազության որոշմանը հետևել է դրա հիմնավորումը. «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հիմքերը, և անազատության հետ կապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Սխալված չենք լինի, եթե ասենք՝ դատախազության ոչ որոշումը, ոչ էլ հիմնավորումն անսպասելի չէին։ Հատուկ ունակություններ պետք չեն՝ հասկանալու համար, որ եթե Քոչարյանն ազատվի կալանքից, քննության ընթացքի վրա ազդելու հավանականությունը կմեծանա։ Նաև հեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե ասենք, որ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի ստորագրահավաք կազմակերպածները ևս գրեթե վստահ էին, որ միջնորդությունը չի ընդունվելու, ուղղակի, դա պետք էր իրենց՝ ցույց տալու համար, որ իրենց ձեռքից եկածն արեցին։ Չնայած մի կողմից էլ, Քոչարյանի կալանքի տակ գտնվելն իրենց համար էլ է վտանգներով լեցուն, ու սպասվող զարգացումների համար մտահոգվելու առիթ շատերն ունեն:

Ի դեպ, եթե երեկ հայտնի էր միայն ստորագրաթերթիկի տակ ստորագրած հանրապետականների անունները, ապա այսօր արդեն դաշնակցական ու բհկ-ական պատգամավորների անուններն էլ են հայտնի: Ի միջի այլոց չափազանց հետաքրքրական է ներկայանում բհկ-ական պատգամավորի անձը: Դա այն հանրահայտ Իշխան Զաքարյանն է, ով բոլոր ժամանակների իշխանության կամակատարն է եղել` ընդամենը մեկանգամյա ընդվզման փաստով, ինչի առնչությամբ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց` զարմանալուց սեփական տանը զարմանալ, քանի որ ոչ մեկին էլ հետաքրքիր չէ իր անձը: Այս Իշխանն ակնհայտորեն ներդրված ական էր կուսակցությունում ու ինչ որ-պահի պայթելու էր: Լավ է, որ գոնե այսպես անվտանգ պայթեց:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ