30 տարի անընդմեջ Վանաձորի 84 վթարային շենքերի 3280 բնակարաններում ապրողները անտեսվել են ՀՀ իշխանություններրի կողմից: Նրանց բոլոր դիմում-նամակներն ուղղված կառավարությանն ու քաղաքային իշխանություններին միեւնույն պատասխանն են ունեցել, թե՝ բյուջեում համապատասխան գումար չկա: Իսկ շենքերը «չեն սպասել» եւ տարիների հետ քայքայվել են: Բնակիչների զգալի մասը ստիպված տեղափոխվել են այլ բնակարաններ՝ իրենց հետ տանելով դուռ-պատուհանները, որի պատճառով անձրեւաջրերն անարգել լցվել են շենք ավելի մեծ վնասներ պատճառելով. «Ամեն փոքր ցնցում կամ հարեւան երկրում երկրաշարժի լուր լսելիս ընտանիքս վերցնում, գնում եմ բարեկամի տանն եմ մնում: Էս խարխուլ շենքում ընտանիք պահելը խիստ վտանգավոր է: Արդեն վերջնական որոշել եմ, դուրս եմ գալու գնամ թեկուզ վարձով ապրեմ: Շենքի 7-րդ հարկից սկսած անմարդաբնակ է. լրիվ խարխուլ , մի ուժեղ քամի է լինում ներսի պատերը փլվում են՝ անձրեւաջրերը լրիվ քայքայել են շենքը: Սա մի օր եղբայրական գերեզման է դառնալու, իշխանությունները երեւի դրան են սպասում», -ասում է Վանաձորի Գրիբոյեդով 6 շենքի բնակիչ Հովիկը:

Վանաձորի վթարային շենքերի բնակիչները իշխանության ներկայացուցիչներին տեսնում են ընտրությունից-ընտրություն՝ամեն անգամ շռայլ խոստումներ են լսում ու զարմանալիորեն հավատում: Նրանք անգամ չգիտեն իրենց շենքերի վթարայնության աստճանը: Սեյսմիկ ծառայության աշխատակիցներին վերջին անգամ տեսել են 2003 թ-ին`Լինսի հիմնադրամը սեյսմակայունության հետազոտություն է պատվիրել եւ վերջին ծրագրով ամրացրել Գրիբոյեդով 6-ի հարեւանությամբ գտնվող Սուխումի 1, 2 շենքերը: Քաղաքի մինչ երկրաշարժը կառուցված 1139 շենքերի սեյսմակայունությունը որոշվել է 1996-98թթ-ին, միայն Ավետիսյան 57, 59 շենքերի համար 2008 եւ 2012թթ.-ին հանրապետական սեյսմիկ ծառայությունն եկել, չափագրել, քաղաքապետարանին նախագիծ-նախահաշիվ է պատվիրել` իբր 6 ամիս հետո վերանորոգման աշխատանքներն սկսելու համար, բայց նախահաշիվը մնացել է ճարտարապետի սեղանին. «Համայնքային բյուջեով հնարավոր չէ եղել, անգամ մի շենքի հարց լուծել, բարերարներն էլ նախընտրել են հիմնովին կառուցել քան վերանորոգել: Կառավարությանը դիմելու դեպքում անիմաստ ծախսի տակ ենք ընկել, արդեն չեմ հիշում թե քանի նախագիծ ու նախահաշիվ է սեղանիս տարիներով մնացել: Ավելի վտանգավոր դարձած շենքերի համար, բնակիչներից ստորագրություն ենք վերցրել, որ փլուզման կամ որեւէ պատահարի դեպքում քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում, քանի որ բոլոր տեսակի խնդրանքները շենքերից դուրս գալու համար անադյունք են եղել», -ասում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի նախկին վարիչ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը:

Նշված շենքի բնակիչներն էլ են նման մի քանի դեպք հիշում. «Հա եկել են, հույսով արել, ուրախացել ենք, տան վեշերը հանել, Ռուսաստան գնացած բարեկամներին խնդրել իրանց տանը մնացել, հետո հասկացել ենք, որ էլի խաբվել ենք, եկել ենք մեր տներն ավելի վատ վիճակում ենք տեսել: Էս շենքում ոչ կարգին կոյուղի կա, ոչ կռիշ, մի օր չհետեվեցիր տունդ գլխիդ փուլ կգա: Ու էդպես,,մի քանի անգամ 100 ընտանիքի (շենքը 100 կվարտիրանոց էլ կոչվում է) խաբել են», -իրար հերթ չտալով , բարկացած պատմում են շենքի բնակիչները:

«Վանսեյսշին» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Սուքիասյանն ասում է շենքերի շահագործման ժամկետներն սպառվել են սխալ պահպանման պատճառով եւ մինչ երկրաշարժը կառուցված բոլոր շենքերը վթարայնության բարձր ասռիճան ունեն. «Մի կողմից կարկատած տանիքները, մյուս կողմից ջրմուղ-կոյուղու վատ աշխատանքի պատճառով շենքերի նկուղային հարկերում գոյացող ջրերը շենքը հասցնում են քանդման եզրին: 15 տարի առաջ 1-ին կարգի վթարային շենքը հիմա առնվազն 3 -րդ կարգի դարձած կլինի: Քաղաքապետարանը երբեւէ գումար չի տրամադրել շենքի պահպանման ծախսերը ամբողջությամբ հոգալու եւ ոչ էլ դրանց սեյսմակայունությունը որոշելու համար: Դիմող բնակիչներն էլ են քաղաքապետարան-համատիրություն ճանապարհին հոգնելով զզված թողել են իրենց բնակարանները , բայց շենքերը դեռ կանգուն են էլի բնակիչների հոգատարության շնորհիվ»:

Շենքերի բնակիչները անգամ չբնակվելով, գնում հետեւում են, հարեւաններինն խնդրում ուշադիր լինել. «Ամեն հնարամտության դիմում ենք՝ անձրեւաջրերից պաշտպանվելու համար մետրերով ցելոֆոն ենք առնւմ, արհեստական կրիշ սարքում, մի քանի տեղից ծակում ու տակին տարաներ դնում: Աղբարկղերում ինչքան վեդրո ու տաշտ եմ տեսնում, բերում մեր վերեւի հարկում եմ դնում, գիշերներն էլ չենք քնում, գնում ստուգում ենք, լցվածները դատարկում, որ քնած տեղներս վրեններս չլցվի», -ասում են Գրիբոյեդով 6 շենքի 6-րդ հարկում բնակվողները

Բնակիչները հոգնել են բազում դռներ թակելուց, ՀՀ կառավարությունն էլ դեռ չի հիշել իրենց մասին: Վանաձորի քաղաքապետարանում կառավարության հանձնարարականով երկրաշրժի եւ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան դարձածների հանձնաժողովներ ու փաստահավաք խմբեր են ձեւավորվել: Համայնքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի վարիչ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասում է. «Առայժմ խորհրդակցում ենք. որ հանձնաժողովին դիմենք փաստահավաք խումբ ստեղծելու ու այս խնդրով լուրջ զբաղվելու համար: Վերջին տարիների համար շահառուների հստակ թիվ չունենք՝ 2008թ-ին՝ 2500, իսկ 2013-ին 1014 ընտանիք է բնակվել: Վթարային շենքերի համար ՀՀ կառավարությունից դեռեւս որեւէ հանձնարարական չկա, չի բացառվում նաեւ, որ մենք դիմենք կառավարությանը, քանի դեռ շենքերը ամրացման միջոցով փրկելու շանս կա»:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Վթարային շենքերի բնակիչների, քաղաքապետարանի եւ համատիրությունների միջեւ մշտական կռիվը այսօր էլ չի դադարում, բնակիչները չեն վճարում համատիրությանը, իսկ համատիրությունը արդեն քառորդ դար բնակչի հոգսը թեթեւացնելու քայլ չի անում: Համատիրությունները մեղադրում են բնակիչներին, որ իրենք իրենց շենքերը քանդել են, բնակիչներն էլ համատիրությանը, որ իրենց խնդրանքներն անպատախան է թողել: Քաղաքապետարանն էլ ինչպես միշտ չեզոք դիրքում է: