Խղճի կալանավոր Զումբատի բողոքը

Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ներկա ՀՀ-ում:
Քրեաօլիգարխիան տապալվո՞ւմ է:
Կասկածում եմ և այն էլ խիստ: Տեսեք, սանձարձակության ատրուշան Լֆիկ-Սամվել Ալեքսանյանը 12 միլիոն դոլարի հարկ է թաքցրել, ԱԱԾ-ի ճնշման ներքո պարտադրված վերադարձնում է գողոնը (ընդորում՝ ԱԱԾ-ի հողարդումից 24 ժամ անց) և դպրոցի բուֆետից պոնչիկ թռցրած, հանցանքի վայրում բռնված աշակերտի պես ամոթխած ժպտում է արածի համար ու ազատ արձակվում, վերադառնում է տուն: Հավանաբար, որ նոր միլիոններ թաքցնի, հետո էլ բռնվի և գողոնը վերադարձնի:

Սա ձանձրացնում է ինձ և ահա ես միաեղջյուր ոչխար Զումբատս, պատրաստ եմ եղջյուրս սրել ու մեկ առ մեկ խոցել բոլոր օլիգարխներին՝ սկսած Լֆիկից, վերջացրած անհասկանալիորեն անտարբերության մատված Նեմեց Ռուբոյով, գողական պանյատկեքի մեջ պրոֆեսորացված Թոխմախի Մհերով, Սաշիկ 50-50-ով: Ի դեպ, անգամ կենդաբանական այգու ամենա թանձրամիտ բնակիչ գետաձի Սաղաթելին է հայտնի, որ, այո, Սաշիկ-Ալեքսանդր Սարգսյանը յուրացրել է երկրի կեսը և այն էլ, ոչ ավել-ոչ պակաս, 50:50 համամասնությամբ ու այժմ գտնվում է Կանարյան կղզիներում և վոդևելի է գրում՝«ՀՀ-ն և ես՝ կեսն ընդ քեզ» վերնագրով, այնինչ ճիշտ ժամանակն է, որ նա հայտնվի խորհրդարանի անհամոզիչ կեսի հովանավորության տակ հայտնված Քոչարյան Ռ.-ի հարևան բանտախցում և հուշեր գրի այս թեմայով.«Ինչպես գյուղական ավտոբուսի անմռունչ վարորդը թաթար-մոնղոլական արշավանք կազմակերպեց ՀՀ-ում և մազ մնաց, որ մնար անպատիժ»:

Մի խոսքով՝ ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ներկա ՀՀ-ում: Հասկացողներին խնդրում եմ հեռաձայնել Սեթ Գմփոյանի ագարակ, խղճի կալանավոր, միաեղջյուր ոչխար Զումբատին: Նախապես ասեմ, որ ես ոմանց նման արոտավայրում չեմ: Այսինքն` հասանելի եմ: