Այս օգոստոս «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում պատմական հայրենիք կգա սփյուռքի ավելի քան 454 ներկայացուցիչ։ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն այս տարվա ծրագիրն աննախադեպ է համարում, քանի որ նախկինում նախարարության ծրագրերի շրջանակում երբեք միաժամանակ այսքան մասնակից չի եկել: Ինչ վերաբերում է ծրագրի անվանման քաղաքական ենթատեքստ ունենալուն, փոխնախարարը բացառում է այն։ Նշենք, որ հասարակության մեջ «Քայլ դեպի տուն» անունը ասոցացվում է «թավշյա հեղափոխության» կարգախոսի հետ: «Մենք միավորել ենք «Արի տունը» ու «Սփյուռք» ամառային դպրոցը՝ դարձնելով «Քայլ դեպի տուն»: Անվանումը հաստատվել է մի շարք քննարկումներից հետո», -շեշտել է Սարգսյանը:

«Քայլ դեպի տունը» Հայաստանում մեկնարկում է օգոստոսի 10-ին ու կտևի մինչև օգոստոսի 24-ը։ Ծրագրի մասնակիցները ներկայացնում են աշխարհի 25 երկիր` ԱՄՆ-ից մինչև Վրաստան: Ծրագրի մեջ ավելացել են հայերենի դասաժամերը, նաև նոր առարկա են ուսումնասիրելու` հայոց պատմություն:

Մասնակիցներին բաժանել են 23 խմբի` կախված հայերենի տիրապետումից։ Կազմակերպիչները մանրամասնում են, որ շատ հետաքրքիր հանդիպումներ են նախատեսված պետական, հասարակական ու մշակութային գործիչների հետ, նաև այցելություն` երկրի տեսարժան վայրեր։ Իսկ վերջին երեք օրը մասնակիցներն ապրելու են ճամբարում ու ազգային երգ ու պար են սովորելու: Սփյուռքի նախարարությունում կարծում են, որ ծրագրերի միավորման հաշվին 2019 թվականին կարելի է 50 միլիոն դոլար տնտեսել։ Ծրագրի իրականացմանը աջակցում են նաև տարբեր ընկերություններ: Սարգսյանի խոսքով՝ մյուս տարի ծրագիրը ամբողջ ամառ է իրականացվելու։ Նախատեսում են հյուրընկալել արդեն մոտ հազար մասնակցի:

                                                                                                                       Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ