Երևանի քաղաքապետի թափուր մնացած պաշտոնը զբաղեցնելու համար ոչ այնքան թեկնածուների մրցավազքն է հետաքրքիր, որքան նրանց սատարողների պահվածքն ու տեսակետերի բախումները։ Երբ հայտնի դարձավ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջադրելու է Հայկ Մարությանի թեկնածությունը, այսպես ասած, փոփոխությունների հարցում բավականին ճկուն հարմարվողականություն ունեցողները դրա մեջ ոչ մի ողբերգություն չտեսան։ Վերջինների արձագանքը քաղաքապետի վաղուց ձևավորված կերպարի կտրուկ փոփոխություն էր ակնկալում։ Իսկ ահա մյուս մասի՝ ավելի պահպանողականների համար, քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությունը դիտարկելն, իրենց իսկ բնորոշմամբ, խայտառակություն է՝ լոկ այն պատճառով, որ զվարճալի դերերով հանրությանը հայտնի դերասանը քաղաքականության մեջ չի կարող անելիք ունենալ:

Եթե շարքային քաղաքացիների դիրքոշորումներն այնքան տեսանելի են ու բաց, որ դրանք ըմբռնելն ու ներկայացնելը բարդ գործ չէ, ապա քաղաքական դաշտի ներկայացուցիչների դեպքում խնդիրը բարդանում է այն պարզ պատճառով, որ անձնական տեսակետերը նրանք ամեն կերպ պետք է թաքցնեն։ Չգրված օրենքը, որը քաղաքական տվյալ ուժի ներկայացուցչին ստիպում է գրեթե ցանկացած հարցում պաշտպանել կուսակցության տեսակետը, այս դեպքում էլ օրինաչափությունը չի խախտում։ Թե ՔՊ-ից ով անձնապես ինչպես է վերաբերում Հայկ Մարությանին քաղաքապետի հնարավոր պաշտոնում, սուր հոտառությամբ էլ է դժվար պարզել, իսկ պաշտոնական տեսակետերի հարցում տարակարծություններն անհավանական են։

Հետևելով չխախտվող օրինաչափությանը՝ Ազատություն ռ/կայանի եթերում երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՔՊ կուսակցության վարչության նիստին ինքը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին, չնայած առաջարկել էր նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ Ավինյանը նաև խոստովանել է, որ ինքը ևս զարմացած է «այդ նոր կերպարի հայտնությամբ»: «Կարծում եմ, որ հասարակությունը նույնպես կկարողանա կոտրել կարծրատիպը, որովհետև մենք տեսել ենք Հայկ Մարության դերասանին, բայց հասարակությունը դեռ չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը իմ համոզմամբ, ուժեղ թեկնածու է», -«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Ավինյանը:

Որքան ՔՊ-ի անդամների գործողությունները կանխատեսելի էին, նույնքան անակնկալ էին ԵԼՔ-ի մյուս երկու ուժերի՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստանի» քայլերը, և գրեթե անկանխատեսելի՝ ՀՀԿ-ինը։ Թե ոչ վաղ անցյալում բացարձակ իշխանություն ունեցող ուժն ինչպես կդրսևորի իրեն քաղաքապետի ընտրություններին՝ այն դեպքում, երբ չի առաջադրել սեփական թեկնածուին, դժվար է կանախագուշակելն անգամ։ Բայց որքան էլ որ դժվար լինի, որոշ կանխատեսումներ, ամեն դեպքում, արվում են։ «Ժողովուրդ» տեղեկություններով, համենայնդեպս, ավագանու հանրապետական անդամներն Արտակ Զեյնալյանի օգտին են քվեարկելու։ Բայց չմոռանանք, որ քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է:

Արմինե ՍԱՐՈՅԱՆ